ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
Նա նշել է, որ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ և ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետ։
Ըստ դրա Կազմակերպությունը հայտարարում է, որ․
1. 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
2. 2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
3. խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
4. հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
Կազմակերպությունը կոչ է անում.
5. Ադրբեջանին ազատելու հայ ռազմագերիներին:
6. Ադրբեջանին կատարելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
7. Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի իրավունքների հետագա խախտումները:
8. Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի՝ իրենց հայրենիքից հետագա տեղահանությունները և հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
9. պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում:
10. միջազգային հանրությանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
11. միջազգային հանրությանը երաշխավորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
12. ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ գործած հանցագործությունները:
13. Խորհուրդ է տալիս անցումային արդարադատության միջոցներ կիրառել, այդ թվում՝ պատժամիջոցներ, Միջազգային քրեական դատարանի կողմից գործի քննություն:
14. Կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին հետաքննելու հանցագործությունները:
15. Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանի Հանրապետությունից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։