Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունները տարիներ շարունակ խաբել են ժողովրդին՝ ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալու ճանապարհ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը ԼՂ-ի հիմնախնդրի լուծման համատեքստում։

Վարչապետ Փաշինյանը նախ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ Հայաստանը ակտիվ կապի մեջ է, սակայն 2022 թվականի փետրվարից մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հրաժարվել են միմյանց հետ հանդիպել։

«Մենք մեզ համոզել ենք և հանրությանը խաբել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալու ճանապարհ է։ Դա սուտ է և չի եղել այդպիսի բան երբեք։ Եվ երբ ասում եմ բլեֆ է, դա նկատի ունեմ։ 1998 թվականին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք դա իմացել են, մեր ժողովրդին խաբել ենք ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ձևավորված է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ստանա կարգավիճակ Ադրբեջանից դուրս։ 

1998 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ասել է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա և Լեռնային Ղարաբաղը բարձր ինքնավարության կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում։ Մենք բոլորս լինելով հայրենասեր՝ չենք առերեսվել այս իրականության հետ»,-եզրափակեց Փաշինյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում