Քաղաքականություն

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել են մինչև վերջ, մինչև այն պահը, երբ ԼՂ գործընկերներն են հրաժարվել այդ օրակարգից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

Արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին՝ նա ասաց. «Այն, ինչ ասում եք՝ վերջնական կարգավիճակ ասվածը, մենք այդ օրակարգը տարել են մինչև վերջ, մինչև այն պահը, երբ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերներն են հրաժարվել այդ օրակարգից»:

Դիմելով խորհրդարանական ընդդիմությանը՝ վարչապետն ասաց, որ նրանց օգնությամբ, ջանքերով ԼՂ–ում ձևավորված իշխանությունը ընդհանրապես թաղել է այդ օրակարգը:

Վարչապետը վստահեցրեց ՝ՀՀ գործող կառավարությունն իր հայտարարած բոլոր նպատակների հետևից հետևողականորեն գնացել է, այլ բան, որ ճանապարհին այլ հանգամանքներ են պարզվել: 

Նա ընդդիմությանը, որը նախկինում իշխանություն է ունեցել, մեղադրեց 1998  թվականից մինչև 2018 թվականը հայ ժողովրդին՝ Հայաստանի ժողովրդին, ԼՂ–ի ժողովրդին խաբելու մեջ, թե ԼՂ–ի կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս հնարավոր է: Ըստ Փաշինյանի՝ դա եղել է անհնարին:

«Ի՞նչն է մեր տարբերությունը. իրենք, իմանալով, որ դա անհնարին է, լղոզել, ցրել են, մենք՝ միամտաբար հավատացել ենք դրան: Մենք ձեր բերած այդ օրակարգին 1998 թվականից հետո հավատացել ենք: Դա է մեր սխալը: Իմ ձախողումն այն է, որ ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել, որ բոլորին պետք է ասեմ ճշմարտությունը, որովհետև հասկացել եմ, որ, եթե այդ խոսույթը դուրս բերեմ, հետագա հետևանքները կապվելու են դրա հետ, ասելու են՝ փլուզեց հայկական խոսույթը, և դրա համար ամեն ինչ եղավ»,–ասաց վարչապետը:

Նա ընդդիմությանը մեղադրեց ժողովրդին խաբելու քաղաքականությունից չհրաժարվելու մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում