Քաղաքականություն

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հրաժարական է տվել

3 րոպեի ընթերցում

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հրաժարական է տվել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոմիկ Մխիթարյանի հրաժարականի տեքստը հրապարակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ աշխատակազմ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին՝ այն վստահության, ջերմ վերաբերմունքի, համատեղ աշխատանքի և միասին անցած ճանապարհի համար և միաժամանակ տեղեկացնել, որ դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ գործունեությունը։ Այս որոշումն ինձ համար հուզիչ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք միասին ոչ միայն աշխատեցինք, այլև ձևավորեցինք փոխադարձ վստահության, հարգանքի և համագործակցության ամուր հիմք։

Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում անցկացրած տարիներն ինձ համար եղել են պատասխանատվությամբ, փորձություններով, ձեռքբերումներով և ամենակարևորը, մարդկանց վստահությամբ լի տարիներ։ Այդ ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք բազմաթիվ ծրագրեր, բարեկարգեցինք բակեր ու այգիներ, նորոգեցինք խաղահրապարակներ, իրականացրեցինք սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ նախաձեռնություններ՝ մշտապես առաջնորդվելով մեկ նպատակով՝ Մալաթիա-Սեբաստիան դարձնել ավելի հարմարավետ, զարգացած և արժանապատիվ համայնք։

Այս ամենը հնարավոր չէր լինի առանց վարչական շրջանի նվիրված աշխատակազմի, գործընկերների և, իհարկե, մեր բնակիչների աջակցության, վստահության ու ակտիվ մասնակցության։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում եղել է մեր համատեղ աշխատանքը, փոխադարձ հարգանքն ու միասնականությունը։

Մալաթիա-Սեբաստիան ինձ համար միշտ կմնա հարազատ, իսկ այստեղ ապրող յուրաքանչյուր մարդու բարեկեցությունն ու հաջողությունը՝ կարևոր։

Շնորհակալ եմ յուրաքանչյուր բարի խոսքի, յուրաքանչյուր կառուցողական առաջարկի, յուրաքանչյուր համագործակցության և յուրաքանչյուր ձեռքբերման համար, որը միասին դարձրել ենք իրականություն։

Սրտանց մաղթում եմ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը շարունակի զարգանալ, ծաղկել և լինել այն վայրը, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ, ապահով և խաղաղ կյանքով»,- ասված է Մխիթարյանի հայտարարության մեջ։

Ռոմիկ Մխիթարյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2023 թվականի նոյեմբերին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում