Ռազմավարական փաստաթուղթը նոր պատուհան կբացի հայ-իրանական համագործակցության համար. Շիրղոլամի
2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը նոր մթնոլորտ կստեղծի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացի տարբեր ոլորտներում հետագա համագործակցության համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ներդումային և անվտանգության։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հուլիսի 8-ին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մեր ցանկությունն ու կամքն է, որպեսզի ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ լուրջ և վճռական աշխատանք իրականացվի։ Տարբեր մակարդակներով այս մասին խոսվել է և արվել են հստակ հայտարարություններ։ Նախորդ շաբաթ, երբ Հայաստանի վարչապետը հանդիպեց Իրանի նախագահի հետ, ևս մեկ անգամ ընդգծվեց այդ հարցի կարևորությունը, հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը»,- նշեց դեսպանը։
Նա վստահեցրեց, որ Իրանն իր կողմից հետևողական քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համար։
«Տեքստի վրա աշխատում ենք և հուսով ենք շուտով այն կավարտենք, կամբողջացնենք ու կսկսենք ստորագրման աշխատանքները։ Իրանը մեծ սիրով կողջունի մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, որտեղ կստորագրվի այդ փաստաթուղթը, ինչի շնորհիվ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի տարբեր ոլորտներում հետագա համագործակցության համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ներդումային և անվտանգության»,- ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։