Քաղաքականություն

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

2 րոպեի ընթերցում

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

Բեյրութի նավահանգստում հուլիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Լիբանանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը։ 

Հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, Լիբանանի Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև Լիբանանի իրավասու այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը բարեկամ Լիբանանի և լիբանանցի ժողովրդի հետ՝ ընդգծելով, որ մարդասիրական այս օգնությունը երկու ժողովուրդներին միավորող պատմական բարեկամության, փոխադարձ վստահության և համերաշխության հերթական վկայությունն է։ Նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել իր ներդրումն այն նախաձեռնություններում, որոնք միտված են Լիբանանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրմանը։

Իր հերթին գեներալ Բասսամ Նաբուլսին երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանի համար այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերված աջակցության և համերաշխության համար՝ ընդգծելով, որ այս աջակցությունը բարձր է գնահատվում ինչպես Լիբանանի կառավարության, այնպես էլ ժողովրդի կողմից։

Հայաստանի կողմից տրամադրված շուրջ 80 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է դեղորայք և բժշկական նշանակության պարագաներ, սննդամթերք, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Մարդասիրական օգնության բեռը, հատելով Հայաստան-Թուրքիա պետական սահմանի Մարգարայի անցակետը, Լիբանան է տեղափոխվել ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայի տարածքով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում