Փաշինյանի ներկայությունը Խամենեիի հրաժեշտի արարողություններին Իրան-Հայաստան հարատև կապի մասին է վկայում. դեսպան
6 րոպեի ընթերցում

Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություններին ամենաբարձր մակարդակով մասնակցել են 41 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, տարածաշրջանային ու միջազգային չորս կազմակերպությունների ղեկավարներ։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում հուլիսի 8-ին կայացավ դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը՝ «Մինչև վերջին պահը՝ հանուն հայրենիքի» թեմայով, որը նվիրված էր Իրանի նահատակ առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին։
Սգո արարողությունների խորհրդանիշը, դեսպան Շիրղոլամիի բնորոշմամբ, նահատակ առաջնորդի վեր բարձրացրած բռունցքն էր, ինչը վկայում է Իրանի վեհության և դիմադրողականության ճանապարհի շարունակության մասին։
«Մեր հարևան և բարեկամ երկրից՝ Հայաստանի Հանրապետությունից տեսանք վարչապետի՝ մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարության բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի վերջին հրաժեշտի արարողությանը, դա խոսում է երկու երկրների միջև հարատև կապի ու առանձնահատուկ հարաբերությունների բնույթի մասին։ Հարկ եմ համարում իմ շնորհակալությունը և երախտիքի խոսքը հայտնել հայկական պատվիրակության ներկայության համար, դա ևս մեկ անգամ հավաստում է երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը, ժողովուրդների միջև առկա մարդկային կապերը, և այս կապերն էլ ավելի ընդլայնելու ու զարգացնելու անհրաժեշտությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շիրղոլամին։
Դիվանագետը հիշեցրեց, որ ԻԻՀ նահատակ հոգևոր առաջնորդը շատ յուրահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ և մեծ սիրով այն միշտ անվանում էր Իրանի ազնիվ հարևան։
«Նա յուրահատուկ հարգանքով էր վերաբերվում նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին և օգտագործում էր ամեն առիթ այդ ընտանիքներին այցեր կատարելու համար, հատկապես այն ընտանիքներին, որոնց զավակները զոհվել էին Իրան-Իրաքյան պատերազմում: Նա հատուկ կերպով ընդգծում էր հայ-իրանական բարեկամության կարևորությունը»,- նշեց Շիրղոլամին:
Նա հույս հայտնեց, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդի գաղափարներն ու ներկայացվող տեսակետները հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ապագայում մեծ ծրագրերի իրականացման ճանապարհին կլինեն որպես ճրագ։
Դեսպան Շիրղոլամիի գնահատմամբ՝ այս օրերին Իրանի ժողովուրդն ակնհայտորեն արձանագրեց ևս մեկ պատմական հաղթանակ՝ կերտելով նոր հերոսապատում։
«Միլիոնավոր իրանցիներ մայրաքաղաք Թեհրանում և երկրի մյուս քաղաքներում ցույց են տալիս իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը, ինչպես նաև իրենց ուխտն առ հոգևոր առաջնորդը, ով իր ամբողջ կյանքը նվիրեց Իրանի վեհության և հպարտության պահպանմանը և այդ ճանապարհին ի վերջո զոհաբերեց իր կյանքը։ Անցյալ շաբաթվանից Իրանում տեղի են ունենում ԻԻՀ նահատակ հոգևոր առաջնորդի հրաժեշտի և հուղարկավորության միջոցառումները։ Այս օրերին միլիոնավոր շիաներ նաև տարբեր երկրներում իրենց հարգանքի տուրքն են մատուցում այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակին, ով ունենալով երկու կրոնական աստիճան՝ նաև Իրանի քաղաքական առաջնորդն էր։ Համաշխարհային պատմության մեջ սա հուղարկավորության պաշտոնական արարողությունների շարքում ամենամեծերից մեկն է, եթե ոչ ամենամեծը»,- ասաց դիվանագետը։
Դեսպանի խոսքով՝ այաթոլլա Ալի Խամենեին լոկ քաղաքական և կրոնական անհատ չէր, այլ Իրանի ազգային իղձերի և գաղափարների պահպանման խորհրդանիշն էր։ Նրա պնդմամբ՝ Իրանի թշնամիները թեև ֆիզիկապես սպանել են նրան, սակայն չգիտեն, որ հերոսապատումները չեն մահանում։
«Սեյեդ Ալի Խամենեիի գաղափարները, որոնց համար նա քաջաբար ու հերոսաբար պայքարեց, ևս մեկ անգամ վերածնվեցին ու վերաիմաստավորվեցին Իրանի հասարակության մեջ, և դա տեղի ունեցավ նաև հոգևոր առաջնորդի արյունալի ու պատվաբեր մահվան արդյունքում, երբ զոհաբերվեցին թե՛ նրա, թե՛ ընտանիքի անդամների կյանքերը։ Իրանի թշնամիները, սպանելով մեր հոգևոր առաջնորդին, կոտրեցին օծանելիքով լի սրվակը, ինչի արդյունքում օծանելիքի անուշ բույրը տարածվեց ամբողջ աշխարհում։ Տեղի ունեցած ծեսերը լոկ սգո արարողություններ չեն, դրանք վկայում են ազգային կամքի հաղթանակի և համախմբվածության մասին, ինչը ցույց տվեց Իրանի ժողովուրդը»,- հայտնեց Շիրղոլամին։
Դեսպանի կարծիքով՝ ևս մեկ անգամ ապացուցվեց այն ճշմարտությունը, որ իմաստության ուղին ոչ ոք չի կարող փակել և հոգևոր ճրագը ոչ ոք չի կարող մարել։
Այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով: Նա Իրանը ղեկավարում էր 37 տարի՝ 1989 թվականին Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվանից հետո։ Իրանի իշխանությունները 40-օրյա համազգային սուգ էին հայտարարել և 7-օրյա հանրային արձակուրդ։