Քաղաքականություն

Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորի մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ

2 րոպեի ընթերցում

Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորի մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտնել է, որ հրաժարվել է հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով նոր ձևավորվելիք Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է գործունեությունը որպես Շիրակի մարզպետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առուշանյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ դիմելով շիրակցիներին։

«Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ»,- նշել է նա։

Առուշանյանի խոսքով՝ իր համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ, և այդ պատասխանատվությամբ շարունակելու է աշխատել Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման, մարզի և Գյումրիի առաջընթացի համար։

«Ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, ամենօրյա աշխատանքով ու գործուն քայլերով անելու եմ հնարավորը՝ արդարացնելու ձեր սպասումները»,- գրել է Շիրակի մարզպետը։

Նա շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզի բնակիչներին աջակցության և համագործակցության համար՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել Շիրակի և Գյումրիի կայուն զարգացումն ու բարեկեցիկ ապագան։

Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզպետ է նշանակվել 2024 թվականի դեկտեմբերի 19-ին։ Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին, նա Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

2026 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Առուշանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված էր 67-րդ համարով։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում