Հռիփսիմե Գրիգորյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցին
3 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցում դրական գնահատականների հետ մեկտեղ մատնանշված են նաև հարցեր, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը։
Անդրադառնալով զեկույցին՝ պատգամավորը նշել է, որ, ըստ դրա, ընտրողներին իրական ընտրության հնարավորություն է ընձեռվել պատշաճ կազմակերպված գործընթացում, ընտրությունների օրն անցել է կազմակերպված և հանգիստ, իսկ տեղամասերի ճնշող մեծամասնությունում քվեարկությունը դրական է գնահատվել։
«Այս ձեռքբերումը հատկապես կարևոր է, քանի որ դրանք սովորական ընտրություններ չէին։ Հայաստանը բախվել է արտաքին միջամտության և տեղեկատվական գործողությունների, որոնք զեկույցում բնութագրվում են Եվրոպայի խորհրդի անդամ պետության համար աննախադեպ։ Այդուհանդերձ, մեր ինստիտուտները դիմակայեցին»,- ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ դրական գնահատականը հիմք չէ անտեսելու զեկույցում նշված խնդիրները։ «Զեկույցում կան հարցեր, որոնք պահանջում են մեր ուշադրությունը՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորում, լրատվամիջոցների անաչառություն, մատչելիություն։ Մենք պետք է աշխատենք դրանց ուղղությամբ և մենք դա կանենք»,- ընդգծել է պատգամավորը։
Գրիգորյանը միաժամանակ հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և խորհրդարանական ներկայացվածությանը վերաբերող եզրակացությունները պահանջում են մանրակրկիտ իրավական գնահատական։ «Պնդումներն ու ընկալումները չեն կարող ինքնաբերաբար ներկայացվել որպես հաստատված խախտումներ»,- ասել է նա։
Գրիգորյանն արձագանքել է նաև ԵԽԽՎ անդամ Էդվարդ Լիի՝ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հայտարարություններին։ Նրա գնահատմամբ՝ դրանք հիմնված էին թերի տեղեկությունների վրա։ Պատգամավորը պնդել է, որ եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործերի վերջնական ելքը պետք է որոշի դատարանը։
«Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին ժողովրդավարությունը, իրենց ապագան որոշելու ինքնիշխան իրավունքը և, ամենից առաջ, խաղաղությունը։ Այժմ մեր պատասխանատվությունն է ամրապնդել այս երեքը»,- եզրափակել է Գրիգորյանը։