Սոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում ընդգծել է Հայաստանի ընտրություններն արտաքին միջամտությունից զերծ պահելու կարևորությունը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ընտրությունների արդյունքը պետք է որոշվի երկրի ներսում՝ քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը։
Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Նրա գնահատմամբ՝ դրանք նշանակալի էին արտաքին միջամտության ծավալով և բնույթով, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակաշառքի կիրառմամբ։
«Մենք ականատես եղանք այն ավելի ու ավելի կատարելագործված ձևերին, որոնցով կարող է դրսևորվել արտաքին միջամտությունը՝ ապատեղեկատվություն, կեղծ թեզերի տարածում, կիբեռհարձակումներ, հանրային տեղեկատվական դաշտի մանիպուլյացիա և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահությունը խաթարելու փորձեր»,- ասել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ քաղաքական ճնշումն ուղեկցվել է նաև տնտեսական ճնշմամբ՝ մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների միջոցով։
Ղազարյանը նշել է, որ, չնայած այդ ճնշումներին, ընտրական գործընթացը պաշտպանվել է, և քաղաքացիների ընտրությունն ազատորեն արտահայտվել է։ Նա ընտրությունների արդյունքը բնութագրել է որպես ընտրություն հօգուտ խաղաղության, տարածաշրջանային համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների և եվրոպական կառույցների հետ առավել սերտ համագործակցության։
«Սկզբունքը պարզ է․ Հայաստանի ընտրությունները պետք է որոշվեն Հայաստանում՝ Հայաստանի քաղաքացիների կողմից ազատ և ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Սա միայն Հայաստանի ինքնիշխանության հարցը չէ։ Սա եվրոպական ժողովրդավարության հիմնարար սկզբունք է»,- եզրափակել է Ղազարյանը։
ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ։