Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ընտրողներին իրական ընտրության հնարավորություն են տվել. ԵԽԽՎ զեկույց
2 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ընտրողներին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն են տվել և ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այսպիսի գնահատական է տրված ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցում։
Զեկույցում նշվում է, որ դիտարկված տեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրությունների օրվա ընթացքը դրական է գնահատվել։
Միաժամանակ զեկույցում նշվում է, որ քարոզարշավի ընթացքում արտերկրից ուղղակի ճնշում է դիտարկվել՝ աճող առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների տեսքով։ Ըստ զեկույցի՝ դրանց նպատակն էր ընտրողների վրա անհարկի ազդեցություն գործել ընդդիմադիր ուժերի օգտին։
«Ռուսաստանի Դաշնության միջամտությունն ու օտարերկրյա տեղեկատվական գործողությունները Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում հասել են աննախադեպ մասշտաբի»,– նշվում է զեկույցում։ Դիտորդական պատվիրակության գնահատմամբ՝ Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներ ու կոշտ դիվանագիտական հռետորաբանություն է օգտագործել՝ ընտրությունների արդյունքն ընդդիմության կամ հակակառավարական ուժերի օգտին ուղղորդելու նպատակով։
Զեկույցում նշվում է նաև, որ արևմտյան և եվրոպական պաշտոնյաների՝ իշխող ուժին աջակցող հայտարարությունները ևս ընկալվել են որպես արտաքին միջամտություն, սակայն առանց ռուսական գործողություններին բնորոշ հարկադրանքի մասշտաբի։