Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի 105 թեկնածուների ինքնաբացարկն իրենց «գաղտնի պլանի» մի մասն է համարում

2 րոպեի ընթերցում

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի 105 թեկնածուների ինքնաբացարկն իրենց «գաղտնի պլանի» մի մասն է համարում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է իր ղեկավարած դաշինքի պատգամավորի 105 թեկնածուների կողմից ինքնաբացարկ ներկայացնելու փաստին՝ շեշտելով, որ դա իրենց քաղաքական մարտավարությունն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են դաշինքի ընտրական ցուցակի 105 ներկայացուցիչները ինքնաբացարկ ներկայացրել, Սամվել Կարապետյանը պատասխանել է, որ դա իրենց գաղտնի պլանի մի մասն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե իրենք Հայաստանում իշխանափոխության հասնելու գաղտնի պլան ունեն։

Հարցին, թե արդյոք ինքնաբացարկ ներկայացրած անձինք անվստահելի թիմակիցներ են, Սամվել Կարապետյանը պատասխանել է.

«Բոլորը մեր թիմակիցներն են և մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են բռնաճնշումներին, նրանք չեն կարող լինել անվստահելի։ Դա մեր քաղաքական մարտավարությունն է»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 105 թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ին կայացած նիստում որոշել էր այդ դիմումների հիման վրա չեղյալ հայտարարել նրանց գրանցումը։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր ձևավորվելիք խորհրդարանում կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կստանա մեծամասնություն ու կձևավորի կառավարություն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

9-րդ գումարման ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում