Աշխարհի ամենաճանաչված հայ Շառլ Ազնավուրը աստվածային պարգեւ է մեզ. Ատոմ Էգոյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 7-ինմեկնարկեց հայաստանյան մշակութային կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը` «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը նախորդեց Ազատության հրապարակում փառատոնի ավանդական բաղկացուցիչներից մեկը դարձած Կարմիր գորգի արարողությունը, որով անցան փառատոնի հյուրերը, Երեւան ժամանած անվանի կինոգործիչներ: Տոնական երեկոն մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` տիկնոջ Գոհար Սարգսյանի հետ, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:«Անցած տասը տարիների ընթացքում շատ բան փոխվեց, եւ փառատոնը չէր կայանա առանց պետական եւ մասնավոր հատվածի աջակցության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:Նա հատուկ մրցանակ հանձնեց տասը տարիների ընթացքում փառատոնի գլխավոր հավանավոր «Վիվա-Սել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրկյանին` մշտապես փառատոնին ցուցաբերած աջակցության համար:

«Ակամայից պետք է հիշենք 2004 թվականը, երբ փառատոնի հիմնադրմանը շատերը թերահավատորեն էին մոտենում, սակայն այն իր վստահ քայլերով կայացավ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` հավելելով, որ «Ոսկե ծիրան»-ին մշակութային ոլորտում հաջողվեց դառնալ նորանկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը:Մշակույթի նախարարը նաեւ ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հոբելյանական «Ոսկե ծիրան»-ին ուղղված շնորհավորական ուղերձը:

«Երբ մեզ հարց են տալիս, թե ինչ է նշանակում հայ լինել կամ որն է եղել հայերի նպաստն աշխարհին` մենք մեկ բառով հաճախ պատասխանում ենք` «Ազնավուր»: Ազնավուրն աստվածային պարգեւ է մեզ, մարդ, ով սիրում է իր ժողովրդին եւ մենք էլ իրեն ենք սիրում»,- «Փարաջանովյան թալեր» մրցանակը Ազնավուրին հանձնելիս ասաց կանադահայ ռեժիսոր, կինոփառատոնի նախագահԱտոմ Էգոյանը: Նրա գնահատմամբ` Ազնավուրն ավելին է տվել աշխարհին եւ հայ ժողովրդին, քան կարող էր տալ:«Ազնավուրը, այդ խաղաղ մարդը, աշխարհի ամենաճանաչված հայն է»,- հավելեց Էգոյանը:Ողջ դահլիճը երեկոյի ընթացքում մի քանի անգամ հոտնկայս ծափահարում էր մեծանուն շանսոնյեին: Բուռն ծափահարություններից անմասն չմնաց նաեւ ռեժիսոր-վավերագրող, փառատոնի հյուր Արտավազդ Փելեշյանը:

Փառատոնի բացման արարողությունը եզրափակվեց Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությամբ:Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ «Հովեր» կամերային երգչախումը, ինչպես նաեւ` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարողներԺակլինՍարխոշյանը եւ Ռուբեն Մուրադյանը:

Փառատոնային հաջորդ օրերին հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների եւ Երևանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն նաեւ Մարգարեթե ֆոն Թրոթային,Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին:Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:

Արդեն երրորդ տարին է, որ փառատոնի շրջանակներում կներկայացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրը, որ կներկայացնի ԱՊՀ երկրների` վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը, այս անգամ կկայանա Գյումրիում, որն ԱՊՀ երկու այլ պետությունների քաղաքների հետ ճանաչվել է որպես 2013թ. մշակութային մայրաքաղաք:

Փառատոնի ծրագիրը կներկայացնի նաև «Վրացական կինոյի շաբաթ»-ը, որի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` հետահայաց ցուցադրություններ ծրագրում: Իսկ Գեորգի Դանելիայի անչափ սիրված «Միմինո» կատակերգությունը, կսկսի ցուցադրությունների իր ճամփորդությունը` ներկայացվելով նախ Երևանում և Գյումրիում, և ապա` տարվա ընթացքում Վրաստանի և Հայաստանի այլ քաղաքներում` նշելով ֆիլմի ստեղծման 35-ամյա հոբելյանը: Ծրագրի շրջանակներում Փառատոնը Երևանում կհյուրընկալի ռեժիսորի տիկնոջը` Գալինա Դանելիային: Կներկայացվեն նաև վերջին տարիների վրացական լավագույն ֆիլմերից:

Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա նաև «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն ռուսաստանյան արտադրության ֆիլմեր` այդ թվում նաև Սոչիի «Կինոտավր» փառատոնի մի քանի հաղթող ֆիլմ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ:

Արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է նաև նոր «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որտեղ կներկայացվեն հայաստանյան արտադրության, ինչպես նաև Հայաստանի մասին օտարազգի հեղինակների կողմից նախորդ տարում ստեղծված ֆիլմեր: Ծրագիրը կընթանա Մալյան թատրոնում:Կարևոր է նշել նաև, որ ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը պատրաստակամ եղան վարպետության դասեր անցկացնել Երևանում:

Փառատոնը հուլիսի 13-ին կամփոփվի Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի փակման հանդիսավոր արարողությունըՕպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի