Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի փորձին. այն Ազնավուրին նվիրված ծրագրով հանդես կգա չորս երկրում

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի փորձին. այն Ազնավուրին նվիրված ծրագրով հանդես կգա չորս երկրում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գերատեսչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջագայության եզրափակիչ փուլից առաջ հետևել է նվագախմբի փորձին, հետաքրքրվել հոբելյանական համերգային ծրագրով, ստեղծագործական և աշխատանքային այլ մանրամասներով: Հոբելյանական ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան (ՀՊՖ), որի տնօրեն Արտյոմ Նաղդյանը նախարարի տեղակալին հանգամանորեն ներկայացրել է ծրագրի վերջին փուլին առնչվող տեղեկությունները: 

Դանիել Դանիելյանի նշել է, որ Շառլ Ազնավուրի անունը շատ պարտավորեցնող է. «Մեծն շանսոնյեի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացումը հնարավորություն է տալիս Հայաստանի բոլոր մարզերում և ամբողջ  աշխարհում պատշաճ ներկայացնելու Շառլ Ազնավուրին, զուգահեռ՝ հայ կատարողական արվեստն ու մշակույթը: Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ իրականացվող հոբելյանական այս ծրագիրը լավագույնս է ներկայացնում Ազնավուրի ժառանգությունն ու արվեստը»,- ասել է նախարարի տեղակալը:

Ըստ աղբյուրի՝ համերգային ծրագիրը ներառում է շանսոնյեի հայտնի երգերի գործիքավորումը՝ մեծ ջազ նվագախմբի և մենակատարների համար: Համերգաշարին ներգրավված են Գոռ Սուջյանը և Ինգա Արշակյանը՝ իրենց երաժշտախմբերով: Հատկանշական է, որ համերգային ծրագրում նվագախումբը և մենակատարները կատարում են նաև Կոմիտասի ստեղծագործություններից:

Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 22 մլն դրամի տեխնիկա և գործիքներ է ձեռք բերել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համար, և, ըստ նրա՝ Ազնավուրին նվիրված հոբելյանական այս ծրագիրը շատ լավ առիթ է համերգային շրջագայության ընթացքում հնչեցնելու այս գործիքները: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հոբելյանական ծրագիրն արդեն իրականացվել է Բրյուսելում, Բուդապեշտում, Լյուքսեմբուրգում, Եթովպիայում: Եզրափակիչ համերգները կմեկնարկեն դեկտեմբերի սկզբին և կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, այնուհետև՝ Լատվիայում: 

Շրջագայությունից առաջ Դանիել Դանիելյանը բարի երթ է մաղթել Հայաստանի պետական ջազ նվագախմբին, երաժիշտներին և մենակատարներին՝  վստահություն հայտնելով, որ Շառլ Ազնավուրի ժառանգությունը և հայ կատարողական արվեստը լավագույնս կներկայացվեն  նաև շրջագայության եզրափակիչ փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում