Տնտեսություն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել PROFAL ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորաբաց գործարանում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, ներդրված ժամանակակից սարքավորումներին և արտադրական գործընթացի անվտանգության ու որակի ապահովման համակարգերին։ Ալյումինե դռների և պատուհանների արտադրող PROFAL ընկերությունը Նաիրի համայնքի արդյունաբերական տարածքում կառուցել է ապակու մշակման նոր գործարան։ Այն կառուցվել է հիմքից՝ եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխան։

Իրականացվել է շուրջ 20 մլն դոլարի ներդրում շինարարության և ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար, առաջիկա երկու տարում նախատեսվում է ևս 10 մլն դոլարի ներդրում: Ընդգծվել է, որ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունն օգտվել է պետական աջակցության գործիքից․ լիզինգով ձեռք բերված հաստոցների տոկոսադրույքներն առաջին երեք տարիներին սուբսիդավորվում են ՀՀ Կառավարության կողմից։ PROFAL ընկերության հետ կնքվել է 7 լիզինգային պայմանագիր, որի արդյունքում պետության կողմից կատարվել է շուրջ 227 մլն դրամի տոկոսադրույքի սուբսիդավորում:

Գործարանի շահագործման արդյունքում արդեն ստեղծվել է 75 նոր աշխատատեղ, առաջիկա փուլում նախատեսվում է ստեղծել ևս 100 նոր աշխատատեղ: PROFAL-ի աշխատակիցների ընդհանուր թիվը նախատեսվող աշխատատեղերի ստեղծումից հետո կլինի 600-ից ավելի:

Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանման շուկաների և ներուժի ընդլայնման վերաբերյալ: Ըստ այդմ՝ այսօր ընկերության արտադրանքն արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա եւ այլն։ PROFAL-ի արտադրանքի 80 տոկոսը սպառվում է տեղական շուկայում, իսկ 20 տոկոսը՝ բաժին հասնում արտահանմանը։ Նոր գործարանի շահագործմամբ նպատակ է դրվել փոխելու այս հարաբերակցությունը և զգալիորեն մեծացնել արտահանման մասնաբաժինը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում