Հրանդ Նագգգաշեան. լուսանկարիչ Գազայում
3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահը հոկտեմբերի 17-ին, ժամը 17։30-ից ներկայացնում է պաղեստինահայ լուսանկարիչ Հրանդ Նագգաշեանի (1921–1991) ստեղծագործությանը նվիրված առաջին ցուցահանդեսը Հայաստանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ազգային պատկերասրահը։
Նագգաշեանի լուսանկարները բացառիկ տեղ են զբաղեցում արաբ և հայ լուսանկարչության պատմության մեջ՝ որպես 1950–1960-ական թվականների Գազայի պաղեստինական կյանքը լուսաբանող եզակի վկայություններ։
Հայոց ցեղասպանությունից փրկված Նագգաշեանը մեծացել է Լիբանանում, իսկ 1942-ին տեղափոխվել Յաֆա, որտեղ հիմնել է իր առաջին լուսանկարչատունը։ 1948-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով կրկին տեղահանվելով՝ նա հաստատվել է Գազայում և 1950-ականների սկզբին հիմնել «Հրանդ» լուսանկարչատունը։
Համագործակցելով միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ UNRWA-ի և UNEF-ի հետ, Նագգաշեանը ստեղծել է պաղեստինցի փախստականների համայնքների սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքը վավերագրող հարյուրավոր լուսանկարներ։
Հղվելով հետպատերազմյան հումանիստական լուսանկարչության ավանդույթներին՝ Նագգաշեանի աշխատանքները ներկայացնում են տարագրության և տեղահանության փորձառության անմիջական, սենտիմենտալությունից զերծ պատկերը։
Փախստականներին պատմական հանգամանքների զոհեր ներկայացնելու փոխարեն՝ նրա լուսանկարները բացահայտում են ծանրագույն պայմաններում բնականոն կյանքի զգացողությունը, ինքնությունն ու արժանապատվությունը պահպանելու նրանց վճռականությունը։ Համադրելով վավերագրական շիտակությունն ու նուրբ բանաստեղծականությունը՝ Նագգաշեանի գործերը վերհանում են առօրյա կյանքի բազմաշերտությունն ու համայնքային տոկունության գեղեցկությունը։
Այսօր, երբ Գազայի պատմամշակութային ժառանգությունը ենթարկվում է աննախադեպ ավերածության, Նագգաշեանի պահպանված լուսանկարները նոր նշանակություն են ձեռք բերում՝ որպես ոչնչացման վտանգի տակ հայտնված անցյալի անփոխարինելի վավերագրեր։
Ցուցահանդեսում ներկայացված են Նագգաշեանի զավակների՝ Սարօ և Անուշ Նագգաշեանների տրամադրած երեսուն մամուլային լուսանկարչական տպածոներ։ Դրանք համալրված են Նագգաշեանի ցուցահանդեսային բնօրինակ լուսանկարների՝ կանադահայ լուսանկարիչ Օշին Հարությունյանի պատրաստած յոթ նոր տպածոներով։
Համադրող՝ Վիգեն Գալստյան: