Հայաստան

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

2 րոպեի ընթերցում

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Կենսաբազմազանության առաջնորդների՝ Հայաստանում անցկացված գագաթնաժողովն առաջնորդների ամենամասշտաբային, ներառական և ընդգրկուն գագաթնաժողովն էր, որը երբևէ կազմակերպվել է կենսաբազմազանության վերաբերյալ կողմերի համաժողովների շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներին։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրը՝ COP17-ի պաշտոնական բանակցությունների մեկնարկից առաջ կազմակերպելով առաջնորդների գագաթնաժողով, որին մասնակցել են ոչ միայն երկրների և կառավարությունների ղեկավարներ, այլև ոլորտի առաջնորդներ, միջազգային կառույցների ղեկավարներ։

 «Միջոցառման և քննարկումների կարևորագույն նպատակներից մեկը COP17-ի քաղաքական ազդեցության բարձրացումն էր, ընդհանրապես՝ կենսաբազմազանության օրակարգի նկատմամբ քաղաքական մակարդակում ավելի մեծ ուշադրություն սևեռելը»,- նշեց Մաթևոսյանը։

Նա ընդգծեց, որ գագաթնաժողովի կարևորագույն արդյունքը Երևանյան հռչակագիրն է, որը քաղաքական աջակցություն կապահովի COP17-ի բանակցությունների համար։ «Որպես COP17-ի նախագահ՝ կարծում եմ, որ այդ փաստաթուղթը կարևորագույն նշանակություն կունենա Հայաստանի նախագահության և մեր թիմի աշխատանքի համար՝ որպես քաղաքական աջակցություն, որը թույլ կտա ավելի սահուն անցկացնել բանակցությունները»,- ասաց  նա։

 Մաթևոսյանի խոսքով՝ առաջիկա աշխատանքների կարևոր ուղղություններից մեկը COP-ի երկրների և քաղաքական միավորների հետ համագործակցությունն է՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր պետք է իրականացվեն կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ առաջիկա չորս տարիներին։

 «Պետք է ոչ միայն արձանագրենք խնդիրները, այլև հասկանանք, թե գալիք չորս տարիների ընթացքում աշխարհն ինչ աշխատանք պետք է իրականացնի այս ուղղությամբ։ Երևանյան հռչակագիրը լավագույն մեկնարկն էր և առաջնորդների կողմից COP17-ին ցուցաբերված կարևոր քաղաքական աջակցությունը»,- հավելեց նախարարը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում