Տնտեսություն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

5 րոպեի ընթերցում

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Հանքարդյունաբերության ներուժը նոր հնարավորությունների վերածելու համար կարևոր են ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաներն ու միջազգային փորձը, այլև երկարաժամկետ ներդրումներն ու ֆինանսական գործընկերությունը։ Այս հարցերը քննարկվում են Mining Armenia Forum 2026-ի շրջանակում, որի գլխավոր հովանավորներից է Ամերիաբանկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երրորդ տարին անընդմեջ անցկացվող ֆորումը մեկ հարկի տակ է հավաքել հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 բանախոսների՝ միջազգային ընկերությունների, ֆինանսական հաստատությունների, ներդրումային կառույցների և պետական համակարգի ներկայացուցիչների։ Քննարկումների առանցքում ոլորտի զարգացման հեռանկարներն են, նոր ներդրումների ներգրավումն ու ռեսուրսների պատասխանատու օգտագործումը։

Ամերիաբանկի համար հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ուղղություններից է, որի զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ ոչ միայն արտադրության և արտահանման, այլև տարածաշրջանային տնտեսությունների ու հարակից բիզնեսների վրա։

«Երբ մենք խոսում ենք հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների մասին, խոսում ենք նաև խոշոր ներդրումների, մեր տարբեր տարածաշրջաններում հազարավոր աշխատատեղերի ստեղծման, հարյուրավոր բիզնեսների ստեղծման ու զարգացման մասին։ Ամերիաբանկը շատ կարևորում է այս ոլորտը։ Մեր կորպորատիվ պորտֆելը և վարկավորման պորտֆելը շուկայում առաջատար են։ Պատմության մեջ առաջին անգամ վարկային պորտֆելով գերազանցել ենք 1 տրիլիոն դրամի շեմը և հանքարդյունաբերության ոլորտը ևս մեծ մասնաբաժին ունի մեր վարկային պորտֆելում. այն գերազանցում է մոտավորապես 400 միլիոն դոլարը»,- ասաց  Ամերիաբանկի Կորպորատիվ բանկինգի դեպարտամենտի վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը

Ֆինանսավորումը, սակայն, համագործակցության միակ ուղղությունը չէ։ Ամերիաբանկը կարևորում է նաև ոլորտի առանձնահատկությունների ըմբռնումը, ռիսկերի կառավարումը և ընկերությունների երկարաժամկետ զարգացմանն աջակցելը։

«Հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է ճիշտ ուղղությամբ, և այո՛, ռեսուրսներից գնում ենք դեպի  նոր հնարավորությունների, ինչը հանգեցնում է նրան, որ մեր հանքարդյունաբերության ոլորտն ավելի արդյունավետ է դառնում, և մենք կարողանում ենք ավելի արդյունավետ օգտագործել մեր երկրի ընդերքը։

Բանկի կողմից հիմնական համագործակցությունը, իհարկե, ֆինանսավորման տրամադրումն է, բայց ֆինանսավորումից բացի, ինչպես գիտեք, Ամերիան իր բեքգրաունդով նաև խորհրդատվական ընկերություն է եղել, և մենք փորձում ենք մեր խորհրդատվությունն էլ տրամադրել տարբեր ասպարեզներում»,- նշեց  Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:  

Ֆորումի այս տարվա՝ «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրը ոլորտի ապագայի մասին ավելի լայն քննարկման առիթ է։

Այն կարևոր հարթակ է, որտեղ ոլորտի ներկայացուցիչները, ֆինանսական և պետական գործընկերները միասին ավելի հստակ են պատկերացնում առկա խնդիրներն ու զարգացման ուղղությունները:  

«Մենք պետք է ունենանք զարգացած, աճող հանքարդյունաբերություն, բայց այն պետք է նաև համապատասխանի մեր բնակչության մեծ մասի ակնկալիքներին, այսինքն՝ բնության և հարակից համայնքների վրա նվազագույն ազդեցություն ունենա։ Դա հնարավոր է, եթե ներդնենք կայուն զարգացման լավագույն ստանդարտները, և այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում։ Հնարավոր է ունենալ հզոր հանքարդյունաբերություն՝ բնության և շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ»,- ընդգծեց  Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը:  

Այսպիսով, հանքարդյունաբերության զարգացման օրակարգում ներդրումներն ու ֆինանսավորումը փոխկապակցված են պատասխանատու կառավարման, նորարարության և երկարաժամկետ տեսլականի հետ։ Իսկ արդեն ամենամյա դարձած ֆորումը ևս մեկ հարթակ է՝ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկելու առկա մարտահրավերներն ու բացահայտելու համագործակցության նոր հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում