Մշակույթ

Մոսկվայի Երաժշտության տանը տեղի է ունեցել «Դասական Ազնավուրը» համերգը

4 րոպեի ընթերցում

epa07061311 (FILE) French singer Charles Aznavour posing during an interview in Barcelona, Spain, 25 June 2014 (reissued 01 October 2018). According to reports Armenian-born French singer Charles Aznavour has died aged 94 on 01 October 2018.  EPA-EFE/TONI ALBIR
epa07061311 (FILE) French singer Charles Aznavour posing during an interview in Barcelona, Spain, 25 June 2014 (reissued 01 October 2018). According to reports Armenian-born French singer Charles Aznavour has died aged 94 on 01 October 2018. EPA-EFE/TONI ALBIR

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել «Դասական Ազնավուրը» համերգը՝ նվիրված շանսոնիե, դերասան, գրող Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ 

Առաջին անգամ մոսկովյան բեմում հնչել են կոմպոզիտորի ռուսերեն թարգմանված ստեղծագործությունները՝ արտիստի անվան հիմնադրամի փոխնախագահ Քրիստինա Ազնավուրի կատարմամբ։

Ինչպես նա հայտնել է ՏԱՍՍ-ին, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված նախագիծն առաջին անգամ ներկայացվել է Հայաստանում, այնուհետև այն ցուցադրվել է Կաննում և Փարիզում։ 

«Բառացիորեն 20 օր առաջ մենք համերգով Սանկտ Պետերբուրգում էինք և այժմ այն ներկայացնում ենք Մոսկվայում՝ Երաժշտության տանը», - ասել է Քրիստինա Ազնավուրը։

Նրա խոսքով՝ այս նախագիծը նախաձեռնել է Շառլ Ազնավուրն ինքը։ 

«Նա ամենաաշխատասեր մարդն էր, որ ես տեսել եմ, միշտ մտածում էր նախապես և ձգտում նոր բարձունքների։ Մտածելով, թե ինչպիսին կլինի համաշխարհային շրջագայությունը՝ նվիրված իր 100-ամյակին, նա խնդրել է իր դաշնակահար Էրիկ Բերշոյին գրել սյուիտ հանդիսականների կողմից սիրված այն երգերից, որոնք նա արդեն չէր կատարում: Նա ցանկանում էր այդ սյուիտով բացել իր համերգները: Իսկ երբ Շառլ Ազնավուրը լքեց մեզ, Բերշոն այդ սյուիտը լրացրեց այն ստեղծագործություններով, որոնք նա ծրագրում էր կատարել իր շրջագայության ընթացքում: Հենց այդ սյուիտն էլ ընկած է «Դասական Ազնավուրը» նախագծի հիմքում», - ասել է Քրիստինա Ազնավուրն այս նախագծի ծագման պատմության մասին:

Նա նաև նշել է, որ Շառլ Ազնավուրն այն եզակի արտիստներից էր, որը երգել է ութ լեզուներով, այդ թվում՝ գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ռուսերեն և նույնիսկ արաբերեն։ Ընդ որում, ռուսաց լեզուն, շանսոնիեի հարսի խոսքով, նրան շատ մոտ էր. հայրն ազատ խոսում էր ռուսերեն, իսկ պապը խոհարար էր վերջին ռուս կայսեր մոտ: 

«Դրա համար էլ այնքան տարօրինակ է, որ նրա երգերից միայն մեկն է թարգմանվել ռուսերեն՝ «Հավերժական սերը»: Մենք նրա հետ որոշել էինք սկսել աշխատանքը նրա երգերի ռուսերեն թարգմանության ուղղությամբ, նա ուզում էր դա», - ասել է Քրիստինա Ազնավուրը։

Նա նաև ընդգծել է, որ Շառլ Ազնավուրը ոչ միայն նշանավոր երաժիշտ էր, այլ նաև բանաստեղծ։

«Շատ կարևոր է ասել, որ նրա տեքստերը մեծ խորություն ունեն, և հենց թարգմանության շնորհիվ հանդիսականները կկարողանան գնահատել նրան ոչ միայն որպես երաժշտի, բայց նաև որպես մեծ բանաստեղծի: Ցավոք, մեզ չհաջողվեց միասին ավարտին հասցնել նրա երգերի ռուսերեն թարգմանությունը: Բայց ինձ համար դա մեծ պատիվ է և պատասխանատվություն, և ես որոշել եմ, որ պետք է ավարտին հասցնեմ այս նախագիծը։ Մեր  բախտը բերեց, և մենք գտանք հիանալի թարգմանչուհի՝ Ելենա Վինոգրադովային, որի հետ աշխատեցինք «Ազնավուրը ռուսերեն» նախագծի վրա», - հավելել է Քրիստինա Ազնավուրը՝ նշելով, որ մինչ օրս ռուսերեն է թարգմանվել շանսոնիեի 24 երգ:

Նրա խոսքով՝ Ազնավուրի երգերը կատարել իրեն առաջարկել է ամուսինը՝ շանսոնիեի որդի Նիկոլա Ազնավուրը։ 

«Նա ասաց ինձ, որ ես ինքս պետք է երգեմ այդ երգերը, քանի որ ես դրանք զգում և հասկանում եմ, գիտեմ, թե ինչն է կարևոր հայրիկի համար։ Ահա և  համարձակվեցի։ Իհարկե, միշտ երգել եմ, բայց ավելի շատ ինձ համար։ Չէի կարող ինձ թույլ տալ երգել բեմում Շառլ Ազնավուրի կողքին: Բայց հիմա ես քայլ եմ անում բեմում, որպեսզի իրականացնեմ Շառլ Ազնավուրի ցանկությունը, որպեսզի նրա ռուսախոս հանդիսականը կարողանա լսել և հասկանալ նրա երգերն իր մայրենի լեզվով։ Այդ մասին երազում էր հենց ինքը՝ Շառլ Ազնավուրը», - ասել է շանսոնիեի հարսը:

«Դասական Ազնավուրը» համերգը Մոսկվայի Երաժշտության տանը տեղի կունենա նաև նոյեմբերի 12-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում