Չարլզ III-ը պարզաբանել է արքայազն Հարրիի և նրա կնոջ կարգավիճակը Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո
2 րոպեի ընթերցում
Չարլզ III թագավորը վերահաստատել է, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, Միացյալ Թագավորություն վերադառնալուց հետո մնում են թագավորական ընտանիքի ոչ գործող անդամներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Թագավորի անունից կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նամակում նշվում է, որ զույգը կշարունակի ձեռնպահ մնալ իրենց թագավորական տիտղոսներն օգտագործելուց, ինչպես դա արել են 2020 թվականին պաշտոնական թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո։ Նամակում նշվում է, որ զույգի կողմից ձեռնարկվող ցանկացած բարեգործական աշխատանք կիրականացվի մասնավոր կարգով, իսկ օպերատիվ անվտանգության վերաբերյալ որոշումները համապատասխան ոստիկանական գործակալությունների գործն են։
Նամակը թագավորական տան ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ լորդ Չեմբերլեյնը, ուղարկել է կառավարության և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև լորդ-լեյտենանտներին, թագավորի անձնական ներկայացուցիչներին։
«Կասկածներից կամ շփոթմունքից խուսափելու համար թագավորը հանձնարարել է տարածել (այս) տեղեկատվությունը», - ասվում է նամակում։
Գործակալության փոխանցմամբ՝ թեպետ փաստաթուղթը փաստացի չի փոխում Հարրիի և Մեգան Մարքլի կարգավիճակը, սակայն նամակի հրապարակումը ցույց է տալիս որոշ պալատական դիտորդների մտահոգությունը, որ զույգի կարգավիճակը կարող է թույլ տալ նրանց դառնալ որոշ առումով զուգահեռ թագավորական արքունիք՝ մրցակցելով թագավորական ընտանիքի գործող անդամների հետ։
Հատկապես զգայուն է անվտանգության հարցը, քանի որ Հարրին երկարատև պայքար է մղել կառավարության հետ՝ պետական ֆինանսավորմամբ ոստիկանական պաշտպանության վերականգնման համար, որը չեղարկվել է, երբ զույգը հրաժարվել է իրենց թագավորական դերերից։
Սասեքսի դուքսն ու դքսուհին և նրանց երկու երեխաներն օգոստոսին Կալիֆոռնիայից, որտեղ նրանք բնակվում էին 2020 թվականից, տեղափոխվել են Մեծ Բրիտանիա։