Մեծ Բրիտանիայի թագավորն ու թագուհին պետական այցով ԱՄՆ-ում են․ Չարլզ 3-րդը ելույթ կունենա Կոնգրեսում
2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը և թագուհի Կամիլան 4-օրյա պետական այցով ժամանել են ԱՄՆ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ժամանման արարողությունից հետո, որը տեղի է ունեցել «Էնդրյուս» համատեղ բազայում, Չարլզն ու Կամիլան ուղևորվել են Սպիտակ տուն, որտեղ նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Այնուհետև բրիտանական թագավորական զույգը, ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը մասնակցել են Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի այգում կազմակերպված ընդունելությանը:
Հաղորդվում է, որ Չարլզ թագավորն ապրիլի 28-ին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում՝ կենտրոնանալով երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների վրա և փորձելով խթանել «հատուկ հարաբերությունները» բրիտանական կառավարության և նախագահ Դոնալդ Թրամփի միջև Իրանի դեմ պատերազմի շուրջ տարաձայնությունների ֆոնին:
Սա պատմության մեջ երկրորդ նմանատիպ ելույթն է լինելու. առաջինը ելույթ է ունեցել Եղիսաբեթ II թագուհին 1991 թվականին։
Թագավորի ելույթը Կոնգրեսում պետական այցի գլխավոր իրադարձությունն է՝ Չարլզ 3-րդի գահակալության ընթացքում ամենաազդեցիկ իրադարձությունը, որին կհաջորդի պետական ընթրիք։ Նաև նախատեսված է թագավորի այցելությունը Նյու Յորք։
Նախորդ շաբաթ Թրամփը BBC-ի հետ զրույցում ասել էր, որ այցն «անշուշտ» կարող է օգնել երկրներին վերականգնել հարաբերությունները։