Եվրոպա

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

3 րոպեի ընթերցում

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը զգուշացրել է արհեստական բանականությամբ (ԱԲ) զբաղվող ընկերությունների ղեկավարներին, որ այդ տեխնոլոգիան կարող է «գոյութենական վտանգներ» ներկայացնել, եթե հայտնվի սխալ ձեռքերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Թագավորի այս մեկնաբանությունները հնչել են Շոտլանդիայի Դամֆրիս Հաուս քաղաքում հրավիրված գագաթնաժողովի ժամանակ, որտեղ քննարկվել է, թե ինչպես կարող է տեխնոլոգիան օգտագործվել հասարակությանն օգուտ բերելու նպատակով։

«Այս տեխնոլոգիաները ստեղծողներն այժմ ավելի ու ավելի հաճախ են նախազգուշացնում, որ ԱԲ-ն կարող է ձեռք բերել վտանգավոր՝ «մութ» հնարավորություններ, ընդհուպ մինչև կյանք խլելու ունակություն», - ասել է թագավորն ընկերությունների ղեկավարներին։

Նա նշել է, որ «հրատապ անհրաժեշտություն» կա՝ պատշաճ կերպով գնահատելու այն գոյութենական վտանգները, որոնք կապված են նման տեխնոլոգիաների՝ սխալ ձեռքերում հայտնվելու և հնարավոր աղետալի նպատակներով օգտագործվելու հետ։

«Ձեր առջև դրված խնդիրը ոչ միայն տեխնոլոգիաները զարգացնելն է, այլև ապահովելը, որ դրանք ամուր կերպով ծառայեն մարդկությանը, համայնքին և բնությանը», - ասել է նա։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Մեծ Բրիտանիայի արհեստական ​​բանականության հարցերով նախարար Կանիշկա Նարայանը, Հռոմի պապի խորհրդականը և ներկայացուցիչներ այնպիսի հսկա ընկերություններից, ինչպիսիք են Nvidia-ն, OpenAI-ը և Anthropic-ը։

Հանրության շրջանում ԱԲ-ի հետ կապված ռիսկերի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանն օրերս հայտարարել էր, որ մարդիկ պետք է ավելի մեծ վստահություն ունենան իր ընկերության և նմանատիպ այլ կազմակերպությունների նկատմամբ, որ իրենք ճիշտ քայլեր կձեռնարկեն ԱԲ զարգացման գործընթացում։ Նա միևնույն ժամանակ նշել էր, որ ԱԲ-ի հետ կապված մտահոգությունները հիմնավորված են։

Օգոստոսից ի վեր լրատվական դաշտում գերիշխում են ԱԲ-ի պոտենցիալ ուժի և դրա վերահսկման ու կարգավորման մասին քննարկումները, ինչի առիթ էր դարձել նաև Anthropic ընկերությունից հեռացած հետազոտող Ջեյքոբ Քոքսոնի գրառումը, որում նա պնդել էր, որ եթե ԱԲ-ի զարգացումը չվերահսկվի, ապա մինչև տասնամյակի վերջն այն կարող է ոչնչացնել ամբողջ մարդկությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում