Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը կվերցնի խորհրդարանական մանդատները

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը կվերցնի խորհրդարանական մանդատները

«Հայաստան» դաշինքը մտադիր է վերցնել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։

Դաշինքը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի վճռից հետո անհրաժեշտ է համարում ներկայացնել պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ իր դիրքորոշումը։

«Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,- նշված է հայտարարության մեջ։

«Հայաստան» դաշինքում ընդգծել են, որ պատգամավորական կարգավիճակը իրենց համար պաշտոն կամ հարմարավետություն չէ, այլ լրացուցիչ գործիք, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։

Հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանում ներկայացվածությունը դիտարկում են որպես քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման, լուծումներ առաջարկելու, ինչպես նաև հանրային և միջազգային դերակատարների հետ կապերի ամրապնդման գործիք։

«Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի և ընտրողների առջև՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը, քաղաքական դիմադրության առաջնագծում, պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը»,- ասված է հայտարարությունում։

Հուլիսի 6-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ դաշինքը որոշել է վերցնել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով են անցել երեք քաղաքական ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում