Պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեծ հաշվով դեկլարատիվ հարթությունից այն կողմ չի անցել․ արաբագետ
7 րոպեի ընթերցում
Արաբագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը դեկլարատիվ հարթությունից այն կողմ, մեծ հաշվով, չի տեղափոխվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում արաբագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանն անդրադարձավ պաղեստինաիսրայելական հակամարտության հանգուցալուծման հեռանկարին և այդ համատեքստում Գազայում ներկա պահին տիրող իրավիճակին։
«Իսրայելն իր գործողությունները ներկայացնում է որպես ահաբեկչության դեմ պայքար, բայց իրականում փորձում է լուծել իր ռազմավարական խնդիրները։ Եթե կար պայմանավորվածություն, որ աստիճանաբար Իսրայելը պետք է դուրս բերեր իր զորքերը Գազայի հատվածից, այդ պայմանավորվածությունը ևս չի գործում։ Ավելին, Իսրայելն աստիճանաբար խորացնում է իր ներկայությունն այնտեղ և այս պահին վերահսկում է Գազայի տարածքի 64 տոկոսը, իսկ առաջիկա պլաններում, ըստ Նեթանյահուի հայտարարությունների, ծրագրված է վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի 74 տոկոսի վրա»,- ասաց Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Գազայում հրադադարի հաստատումից հետո, որն ամրագրվեց 2025 թվականին Շարմ Էլ-Շեյխում կայացած գագաթանաժողովում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ և Խաղաղության խորհրդի ստեղծմամբ, էական զարգացումներ հակամարտության գոտում չեն արձանագրվել։ Նույնիսկ այդ հրադադարի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների զգալի մասը, որ կապված էր իսրայելական կողմի պարտավորությունների հետ, նույնպես չի իրականացել։
Պետրոսյանը հիշեցրեց, որ Եգիպտոսում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո պետք է միլիարդավոր դոլարներ հավաքագրվեին Գազայի վերականգնման համար, առավել ևս, որ ԱՄՆ-ն ներկայացրել էր հստակ ծրագիր, որն ավելի ուշ՝ 2026 թվականի հունվարին հերթական անգամ փաստաթղթային ձևակերպում ստացավ։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ 2026 թվականի մայիսի տվյալներով՝ Գազայի վերականգնման ֆոնդում գումարներ չեն հավաքագրվել, իսկ Իսրայելը իր հերթին շարունակում է պարբերաբար գործողություններ իրականացնել Գազայում՝ թիրախավորելով տարբեր հատվածներ։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչու Միացյալ Նահանգներն այս փուլում առավել ակտիվ ու հետևողական չէ պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման գործում, Պետրոսյանն ընդգծեց, որ այդ խնդիրը պայմանավորված է ԱՄՆ-ի համար շատ ավելի առանցքային ու կարևոր պրոբլեմներով և, իհարկե, ռեսուրսների սղությամբ։
«Միացյալ Նահանգները 2025 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ ձևավորվեց Խաղաղության խորհուրդը, շատ ավելի մեծ ներգրավվածություն է փորձել ունենալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում, որտեղ մեծ հաշվով արդյունքներ չեն արձանագրվել։ Մյուսն Իսրայելի հետ միասին Իրանի դեմ պատերազմն է, որտեղ ամերիկյան կողմն ունի անմիջական ներգրավվածություն։ Իհարկե, զուգահեռաբար Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումներն ու ԵՄ-ի հետ հարաբերություններում Գրենլանդիայի խնդրով պայմանավորված լարվածությունը նույնպես ունեցել են որոշակի դեր, բայց ավելի մեծ մասշտաբով բնականաբար ԱՄՆ-ի ռեսուրսներն ուղղվել են Իրանի հետ հակամարտության կարգավորմանը, քանզի տևական ժամանակ պատերազմում ներգրավվածությունն ու անմիջական ներկայությունը Մերձավոր Արևելքում Վաշինգտոնից պահանջում էին ահռելի ռեսուրսներ»,- ասաց Պետրոսյանը։
Նա հավելեց, որ հաշվի առնելով վերը նշվածն ու զուգահեռաբար այլ տարածքներում ընթացող հակամարտությունները (այդ թվում՝ Իսրայել-Լիբանան պատերազմն ու Իսրայելի ներկայությունը Սիրիայում, ինչպես նաև Գազայի հատվածում տեղի ունեցող գործողությունները) թույլ չէին տալիս ԱՄՆ-ին բավարար ներգրավվածություն ունենալ Գազայում հրադադարի ամրապնդման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացում։
«Միացյալ Նահանգներն, անշուշտ, կարող է ազդել Իսրայելի վրա, բայց այստեղ գործ ունենք բավականաչափ բարդ գործընթացի հետ։ Միանշանակ այդ գործընթացի արդյունքները երաշխավորված չեն, որովհետև որքան էլ Իսրայելը մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից, բայց ազգային անվտանգության և կենսական շահերի հետ կապված խնդիրներում ավելի ինքնուրույն է գործում։ Օրինակ՝ Գազայի հատվածում 2023 թվականից սկսված պատերազմում ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը բազմիցս փորձել է հասնել հրադադարի, որն այդպես էլ չի կայացել։ Նոր նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում նույնպես փորձել է կանգնեցնել պատերազմը, ինչը նույնպես չի հաջողվել։ Ինչ-որ բան ստացվել է միայն 2026 թվականին։ ԱՄՆ-ն, անշուշտ, ռեսուրսներ ունի, բայցևայնպես նրա համար բավականաչափ բարդ է ազդել Իսրայելի քայլերի վրա, քանի որ վերջինս նույնպես ունի որոշակի լծակներ՝ ազդելու ԱՄՆ-ի քաղաքականության վրա»,- ասաց մեր զրուցակիցը։
Այդ առումով նա վկայակոչեց իսրայելական ազդեցիկ լոբբինգը Միացյալ Նահանգներում, որը բազմաշերտ ազդեցություն ունի Սպիտակ տան և ընդհանրապես ԱՄՆ-ում որոշումներ կայացնող շրջանակների վրա, հետևաբար Իսրայելը սկզբունքային պահերին դառնում է անկառավարելի՝ առաջնորդվելով սեփական երկրի և նրանում գործող քաղաքական կոալիցիայի շահերով։ Այդ պահերին Իսրայելն հաճախ անտեսում է ԱՄՆ-ի շահերն ու երկկողմ դաշնակցային հարաբերությունները և իր գործողություններով փաստի առջև է կանգնեցում Միացյալ Նահանգներին։ 2023 թվականից ի վեր՝ միջազգային հանրությունն ականատես է եղել նման բազմաթիվ օրինակների։
Անդրադառնալով այն հարցին, թե Գազայի վերականգնման գործում հիմնական դոնորները լինելու են գերտերություննե՞րը, թե՞ տարածաշրջանի արաբական հարուստ պետությունները կամ թե ինչո՞ւ չեն հավաքագրվում անհրաժեշտ միջոցները, Պետրոսյանն ընդգծեց, որ կոնկրետ նպատակների իրականացման մասով նման ֆոնդերի ստեղծումն առավելապես ունի քարոզչական նշանակություն, մինչդեռ բովանդակային առումով այդ քայլերն այդպես էլ չեն լուծվում։
«Երբ ձևավորվում էր Խաղաղության խորհուրդը, նշվում էր, որ Գազայի վերակառուցման համար պետք է ձևավորվի մի հիմնադրամ, որտեղ պետք է միլիարդավոր դոլարներ մուտքագրվեն, սակայն նման բան տեղի չունեցավ, հետևաբար տարբեր ֆինանսական խոստումների մասով բարձրագոչ հայտարարությունները կամ նույնիսկ փաստաթղթերում դրանց ամրագրումները այդքան էլ իրատեսական չեն այն իրավիճակում, որում այսօր գտնվում է բովանդակ աշխարհը։ Կան բազմաթիվ կոնֆլիկտներ ու առաջնահերթություններ, ուստի պետություններից յուրաքանչյուրը գումարներն ուղղում է ըստ իր շահերի, այլ ոչ առանձին երկրներում ենթակառուցվածքներ վերականգնելու համար»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։