Մակրոնը և Աունը քննարկել են Լիբանանում իսրայելական հարձակումները
3 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել է Լիբանանում «իսրայելական ագրեսիաներին վերջ դնելու» ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հաղորդագրություն է տարածել Լիբանանի նախագահական գրասենյակը։
Քննարկումը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում Լիբանանի բանակին և անվտանգության ուժերին աջակցելու հարցով հանդիպումից առաջ։
«Նախագահներ Աունը և Մակրոնը քննարկել են Իսրայելի ագրեսիան դադարեցնելու ջանքերը՝ Լիբանանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև բանակցությունների և «Շրջանակային համաձայնագրի» լույսի ներքո», - նշված է հայտարարության մեջ։
Աունը երախտագիտություն է հայտնել Մակրոնին Ֆրանսիայի կողմից Լիբանանին ցուցաբերված աջակցության, իրավիճակի նկատմամբ անձնական ուշադրության և պետության հեղինակությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու, ինչպես նաև նրա պաշտոնական, անվտանգության և ռազմական հաստատություններին աջակցելու իր հանձնառության համար։
Հայտարարության մեջ նշվում է, որ երկու առաջնորդները համաձայնել են շարունակել շփումները և զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական և էներգետիկ ասպարեզներում։
Նախագահական գրասենյակը մեկ այլ գրառման մեջ տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Լիբանանի, Ֆրանսիայի նախագահների և Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի միջև, որի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վտանգավոր սրացմանը՝ շեշտելով միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու նպատակով համապարփակ և կայուն հրադադարի հասնելու համար:
Reuters-ի հաղորդմամբ՝ եվրոպացի և արաբ բարձրաստիճան զինվորականները սեպտեմբերի 17-ին Փարիզում հանդիպում կանցկացնեն՝ գնահատելու Լիբանանի զինված ուժերի կարիքները և քննարկելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ավարտին մոտենալու հարցը՝ Լիբանանի հարավում իսրայելական ռազմական նոր գործողության վերսկսման մտավախությունների ֆոնին։
Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելցի զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։