Սաուդյան Արաբիան ՀՕՊ հարցով աջակցություն է խնդրել Բրիտանիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից և Պակիստանից. AP
1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան ստիպված է եղել հակաօդային պաշտպանության ոլորտում աջակցություն խնդրել Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից և Պակիստանից՝ սեփական միջոցների պակասի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է AP-ն՝ հղում անելով տարածաշրջանի երկու պաշտոնյաների։
Նրանց խոսքով՝ Ռիադն այդ երկրներին խնդրել է տարածաշրջան ուղարկել հակաօդային պաշտպանության միջոցներ՝ հութիների և Իրանի աջակցությունը վայելող այլ խմբավորումների կողմից արձակվող հրթիռներից ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։
Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ Սաուդյան Արաբիան հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ անհրաժեշտ է պաշտպանել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև նավթային ենթակառուցվածքները։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Ռիադը փորձում է միջազգային կոալիցիա ձևավորել հութիների դեմ։
AP-ի ևս երկու զրուցակիցների խոսքով՝ անցած շաբաթ ԱՄՆ-ի և հութիների ներկայացուցիչներն Օմանում հանդիպել են՝ տարածաշրջանում ստեղծված լարվածությունը քննարկելու նպատակով։ Իսկ Թուրքիայից անանուն պետական պաշտոնյան նշել է, որ Անկարան բանակցություններ է վարում Իրանի և ԱՄԷ-ի հետ՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։