Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում
2 րոպեի ընթերցում

Եմենի կառավարական ուժերն ու «Անսար Ալլահ» շարժման հութիները շարունակում են մարտական գործողությունները մի քանի ճակատում, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Կահբուբի լեռներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ տեղեկությունների՝ կառավարական «Հայրենիքի վահան» (Homeland Shield) ուժերը հայտարարել են, որ կանխել են հութիների՝ տվյալ տարածք ներթափանցելու և լայնածավալ հարձակում իրականացնելու փորձը։
Հաղորդվում է, որ նրանք շարքից հանել են հակառակորդի տեխնիկան, գերի վերցրել հութիների երկու անդամի և խոցել նրանց պատկանող անօդաչու թռչող սարք։
Հութիների վերահսկողության տակ գտնվող Al Masirah հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հաջջայի նահանգի Աբս քաղաքին, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել։
Ըստ հութիների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Էր Ռիադը 40 ավիահարված է հասցրել իրենց դիրքերին, թիրախավորել հեռահաղորդակցության աշտարակներ: Հութիներն էլ հարվածել են Սաուդյան Արաբիայի Յանբուի նավահանգստին և Խամիս Մուշաիտի ավիաբազային: Շարժումը նաև հայտնել է թագավորության զինված ուժերին պատկանող F-15 կործանիչ խոցելու մասին:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է հութիների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումները՝ կոչ անելով վերջ դնել գործողություններին, որոնք սպառնում են տարածաշրջանային կայունությանը: