«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզային շտաբը մեկնարկել է նախընտրական քարոզարշավը
2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզային շտաբը մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քաղաքական ուժի ներկայացուցիչները շեշտը դնում են քաղաքացիների հետ ուղիղ շփման, կատարված աշխատանքների ներկայացման և համայնքների զարգացման տեսլականի շուրջ քննարկումների վրա։
Կուսակցության նախընտրական աշխատանքները կհամակարգեն մարզի 6 համայնքներում գործող տարածքային շտաբները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզային շտաբը ղեկավարում է մարզպետ Դավիթ Առուշանյանը, ով նաև ընդգրկված է կուսակցության նախընտրական ցուցակում։ Շիրակի մարզպետը քարոզարշավի այս ընթացքում, օրենքի համաձայն, գտնվում է արձակուրդում: «Մենք քարոզարշավն իրականացնելու ենք բաց ճակատով և գլուխներս բարձր թակելու ենք յուրաքանչյուր գյումրեցու ու շիրակցու դուռը։ Բոլորիս մաղթում եմ հաղթանակ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
«Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ներկայացնում են Հայաստանի զարգացման ու տարածքային ամբողջականության տեսլականը։ Բակային հանդիպումների ժամանակ քաղաքական ուժը ներկայացնում է առողջապահության, կրթության և մյուս ոլորտներում իրականացված ծրագրերը, ինչպես նաև նախընտրական ծրագրով նախատեսված անելիքները։ «Տուն առ տուն, բակ առ բակ» սկզբունքով իրականացվող այցերի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիներին հիշեցնում են, որ քվեաթերթիկում իրենց համարը 16-ն է։
Քարոզարշավի առաջին օրը մարզային շտաբի ղեկավարն այցելել է նաև Արթիկի տարածքային շտաբ, որի աշխատանքները համակարգում է համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ Ախուրյան խոշորացված համայնքում ևս մեկնարկը տրվել է գլխավոր շտաբում, որտեղ համախմբվել էին կուսակցության թիմակիցներն ու համակիրները։ Ախուրյանի շտաբի ղեկավար Զավեն Մանուկյանը և կուսակցության ներկայացուցիչները շրջել են բնակավայրի փողոցներով, այցելել բնակիչներին և անմիջական զրույցներ ունեցել նրանց հետ։