Ալիևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման առթիվ

3 րոպեի ընթերցում

Ալիևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման առթիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը, տեսակապով ելույթ ունենալով Երևանում անցկացվող ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացմանը, հայտարարել է, որ Հայաստանը փոխադարձորեն աջակցություն է հայտնել 2028 թվականին գագաթնաժողովը Բաքվում անցկացնելու իր առաջարկությանը, որն արել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ սա հստակ ցուցիչ է, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրողություն է։

«Մենք խաղաղության մեջ ենք ապրում ընդամենը 9 ամիս, և մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո ինչպես իրենց, այնպես էլ հայերի համար խաղաղությունն արդեն իրականություն է։

Ալիևը նշել է, որ այնուհետև Ադրբեջանը վերացրել է դեռևս 90-ական թվականներից դրված տարանցման բոլոր սահմանափակումները, ինչի արդյունքում իրենց տարածքով արդեն 28 հազար տոննա բեռներ են մատակարարվել Հայաստան։

«Ադրբեջանը նույնիսկ ավելի հեռուն գնաց. մենք սկսեցինք մեր նավթամթերքը՝ բենզինը և դիզելային վառելիքը, առաջին անգամ մատակարարել Հայաստան՝ այդպիսով սկսելով առևտրային հարաբերությունները»,-ասել է Ալիևը՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրներն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։ Մինչ օրս արդեն 12 հազար տոննա նավթամթերք է մատակարարվել Հայաստան Ադրբեջանից:

 Նա խաղաղության օրակարգի ձեռքբերումներից է համարել նաև ԹՐԻՓ-ի ուղին, որն անցնելով Հայաստանով, կմիացնի Ադրբեջանը Նախիջևանին՝ դրա հետ մեկտեղ դառնալով Միջին միջանցքի մաս։

Ալիևը, օգտագործելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հարթակը, դժգոհություն է հայտնել եվրոպական կառույցներին, մասնավորապես Եվրախորհրդարանին՝ ընդունած բանաձևերով Ադրբեջանում առկա խնդիրներին անդրադարձի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումների համար ՝ դրանք «զրպարտություն և սուտ» անվանելով:

Միևնույն ժամանակ նա երախտագիտություն է հայտնել Եվրահանձնաժողովին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ դիրքորոշման համար՝ հավաստիացնելով, որ Ադրբեջանը միտված է այդ օրակարգին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում