Վրաստան

Ուկրաինայի նախագահը Երևանում հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահը Երևանում հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրաինասկայա Պրավդա»-ն, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ հանդիպումը կայացել է գագաթնաժողովի շրջանակում։

«Մեր երկրների միջև իսկապես կան չլուծված հարցեր։ Կարևոր է երկխոսություն ունենալ բոլոր մակարդակներում։ Ուկրաինան միշտ հարգել է և շարունակում է հարգել Վրաստանը, նրա ինքնիշխանությունն ու ժողովրդին։ Մենք շարունակելու ենք առաջ տանել մեր համագործակցությունը»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում։

Վրաստանի կառավարության հայտարարության համաձայն՝ հանդիպումը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։

«Վերջին տարիներին պաշտոնական Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները շարունակում են մնալ լարված՝ պայմանավորված, մասնավորապես, Վրաստանի իշխանությունների դիրքորոշմամբ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, ինչպես նաև երկրորդ ճակատ բացելու վերաբերյալ պարբերաբար հնչող մեղադրանքներով։

2024 թվականին Կոբախիձեն և իշխող կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ հայտնվել են Ուկրաինայի սահմանած 10-ամյա պատժամիջոցների ցանկում։

Բացի այդ, գրեթե չորս տարի Վրաստանում Ուկրաինայի դեսպան չի եղել՝ մինչև Միխայիլ Բրոդովիչի նշանակումը այդ պաշտոնում 2026 թվականի հունվարին»,-գրում է լրատվամիջոցը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում