Մակրոնը խոստացել է Ալիևի հետ քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ նշելով, որ հարցը քննարկելու է Ադրբեջանի նախագահի հետ։
«Նախ դա կքննարկեմ Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։ Դրանից հետո ես կզանգահարեմ նախագահ Ալիևին, և մենք միասին կկազմակերպենք ճիշտ գործելաոճ՝ կամ անձամբ, կամ այդ հեռախոսազանգի միջոցով»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է նաև խաղաղ գործընթացի կարևորությունը։
«Դուք կարող եք հույս դնել ինձ վրա, ես խորապես հավատում եմ այս խաղաղ գործընթացին»,– նշել է Ֆրանսիայի նախագահը։
Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին՝ Մակրոնը կարևորել է դրա անցկացումը Հայաստանում։
«Կարծում եմ, որ շատ կարևոր էր Եվրոպական քաղաքական համայնքի՝ թվով 8-րդ հանդիպումն անցկացնել այստեղ՝ Երևանում»,– ասել է նա՝ հավելելով, որ այն ամրագրում է Հայաստանի անցած ամբողջ ճանապարհը վերջին տարիներին։
«Տարիներ առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանից կախված երկիր, սակայն իրավիճակը փոխվել է։ Վարչապետ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությունից ի վեր, վերջին տարիներին նրա վարած քաղաքականության շնորհիվ՝ խաղաղություն կառուցելու և դեպի Եվրոպա շրջադարձ կատարելու, Եվրոպայի առջև ստանձնած պարտավորությունների շնորհիվ, մենք նոր դարաշրջան ենք բացում»,– նշել է Մակրոնը։
Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել։