ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի հանդիպումներ նախատեսված չեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վստահաբար, շփումներ կլինեն, այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու։ Պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ, բայց շփումներ, զրույցներ լինելու են։ Նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նաև հավելեց՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներ եղել են դեռ նախորդ ամիս՝ Բիշքեկում, իսկ երեկ կայացել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
ԱՊՀ գագաթնաժողովը, որի մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը, տեղի կունենա հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում։