Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ մեջբերելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական հեռարձակումը, Թրամփը, խոսելով իր միջնորդությամբ կարգավորված հակամարտությունների մասին, նշել է, որ դրանց մասնակից գրեթե բոլոր երկրների ղեկավարներից շնորհակալական նամակներ է ստացել։
«Ադրբեջանի նախագահն ասաց․ «Նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց»։ Դա իսկական հրաշք էր, որի իրագործումը ոչ ոք հնարավոր չէր համարում։
Հայաստանի վարչապետն ասաց, որ այս բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղությանն ուղղված նրա վճռական հանձնառության»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը ստորագրել էին հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հռչակագիր, որը որպես վկա ստորագրել էր նաև Թրամփը։ Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը։