Շվեդիայում սկսվել են զորավարժություններ ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ
1 րոպեի ընթերցում

Շվեդիայի զինված ուժերը սկսել են «Ավրորա 26» խոշորագույն ազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների զինվորականներ, ինչպես նաև Ուկրաինայի ներկայացուցիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Շվեդիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Զորավարժություններին մասնակցում են Շվեդիայի զինված ուժերի ավելի քան 16 000 զինծառայողներ, նավաստիներ և սպաներ, ինչպես նաև մոտ 1500 օտարերկրացի զինծառայողներ։ Օտարերկրացի մասնակիցների թվում են զինվորականներ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Դանիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Լատվիայից։
Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 13-ը։
«Շեշտը կդրվի ինչպես Շվեդիայի, այնպես էլ Դաշինքի տարածքների պաշտպանության, ինչպես նաև ռազմավարական առումով կարևոր տարածքների (պաշտպանության) ամրապնդման վրա», - հավելել են գերատեսչությունում։
Զորավարժությունները հիմնականում տեղի կունենան Շվեդիայի հարավային և կենտրոնական հատվածներում, Գոթլանդ կղզում և Բալթիկ ծովի շրջանում։ Երկրի բնակիչներին զգուշացրել են, որ ճանապարհներին կարող են լինել ռազմական ավտոմեքենաների շարասյուներ մինչև 1 կմ երկարությամբ: