Արենի խոշորացված համայնքը վերջին տարիներին դարձել է կայուն զարգացման օրինակ. համայնքապետն անդրադարձել է խնդիրներին ու ծրագրերին

10 րոպեի ընթերցում

Արենի խոշորացված համայնքը զարգանում է մի քանի ուղղություններով և պատահական չէ, որ հայտնվել է նաև ՀՀ-ում գրանցված միջազգային կառույցների ու կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, որոնք համայնքային զարգացման շրջանակում համատեղ իրականացնում են ապագային միտված հավակնոտ ծրագրեր։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը՝ անդրադառնալով համայնքի առջև ծառացած խնդիրներին և տեղում իրականացվող ծրագրերին։ Հուսիկ Սահակյանը 1996 թվականից եղել է Ռինդի համայնքապետը, իսկ 2017 թվականից՝ Արենի խոշորացված համայնքի ղեկավարը, և այդ պաշտոնում վերընտրվել է 2022 թվականին։   

Արենի խոշորացված համայնքն այսօր բաղկացած է 9 բնակավայրերից, որոնց բնակիչները հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Վերջին տարիներին կոնկրետ Արենի համայնքը զարգանում է մի քանի ուղղություններով՝ զբոսաշրջությունից մինչև գինեգործություն և բանջարաբոստանային կուլտուրաների մշակում։ Տեղում զարգանում է նաև հյուրատնային բիզնեսը, վերջին տարիներին բացվել են մի քանի տասնյակից ավելի հյուրատներ, գաստրոբակեր, որոնք զբոսաշրջիկներին առաջարկում են հանգստի բարձրորակ ծառայություններ։ Այդ տնտեսության մեջ ներգրավված մարդիկ բավականին գոհ են իրենց աշխատանքից։ 

Համայնքապետը հայտնեց, որ Արենիում հիմնվել են ավելի քան 100 հեկտար խաղողի ինտենսիվ այգիներ՝ ժամանակակից տեխնոլոգիաներով և կաթիլային ոռոգմամբ։ Ըստ նրա՝ ձեռնտու է, որ նման դեպքերում հողատարածքներն ավելի մեծ լինեն, որպեսզի արդյունավետությունը լինի հնարավորինս բարձր։ Թեև համայնքում դեռ չեն գնում հողակտորների խոշորացման ճանապարհով, բայց միանշանակ գյուղացիներն իրենք էլ հասկանում են, որ փոքր հողակտորներից ավելի մեծ ու ցանկալի եկամուտներ չեն ստանում։ 

Մեր զրուցակիցը հրատապ խնդիրներից առանձնացրեց բերքի իրացումը, բայց ի շնորհիվ Կառավարության՝ այս տարի խաղողի մեկ կիլոգրամը սուբսիդավորվել է 70 դրամի չափով, իսկ գործարանները մեկ կիլոգրամի դիմաց խաղողագործներին վճարել են 150 դրամ։ Խնդիրներ են առաջացել խաղողի խարջի և ոսկեհատ տեսակների հետ, սակայն դրանց ամբողջական մթերման համար ևս գտնվել են լուծումներ։ 

«Այս տարի խաղողի բերքն իսկապես աննախադեպ էր։ Գյուղացիները ստացել են 3500 տոննա Արենի տեսակի խաղող։ Կան նաև գործարանների սեփականատերեր, որոնք նույնպես աճեցրել են խաղող։ Բերքի ընդհանուր քանակն անցնում է 5000 տոննայի սահմանը։ Այն ամբողջությամբ իրացվելու է, ոչ մի խնդիր չկա։ Մեր հիմնական մթերողը «Վեդի Ալկոն» է, թեև մնացած փոքր գործարանները ևս մթերում են որոշակի քանակությամբ խաղող։ Ռինդ համայնքը միշտ հայտնի է եղել իր դեղձ ու ծիրանով, բայց այնտեղ սկսել են նաև կեռասի մշակումը, և այս տարի արտահանվել է ավելի քան 300 տոննա բերք։ Պահանջն իսկապես մեծ էր»,- ասաց Սահակյանը։

Նա տեղեկացրեց, որ Արփի գյուղում տեղադրվել է ժամանակակից ջերմատուն, տրամադրվել են սարքավորումներ, չիր պատրաստելու 1045 ցանց և 458 մեղվափեթակ։ Արենին իր հերթին դարձել է կանաչ էներգիայի և կայուն կառավարման օրինակ։ Նշված բնակավայրում մանկական զարգացման կենտրոնի տանիքին տեղադրվել են 22 Կ/Վտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ։ Արենիում և միջպետական մայրուղու Արենի-Չիվա հատվածում տեղադրվել են արևային էներգիայով աշխատող փողոցային լուսավորության համակարգեր, 264 լեդ լուսատուներ։ Արենիի համայնքապետարանին տրամադրվել են 10 Կ/Վտ հզորությամբ արևային պանելներ, ինչպես նաև ջրատաքացուցիչներ, որոնք տեղադրվել են նաև Խաչիկ, Չիվա, Ռինդ համայնքներում։ Տեղադրված ֆոտովոլտային կայաններն ու արևային ջրատաքացուցիչները հնարավորություն են տալիս համայնքային շենքերին գործել ինքնաբավ տարբերակով, իսկ խնայված գումարներն ուղղել նաև նոր ծրագրերի իրականացմանը։ 

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից աջակցություն է տրամադրվել փոքր բիզնեսներին ու ձեռնարկատերերին։ Հիմնվել են նոր արտադրամասեր, մանկական խնամքի կենտրոններ ու գաստրոբակեր։ Սահակյանի պնդմամբ՝ այդ ամենն, անշուշտ, նպաստում է տնտեսական ակտիվության բարձրացմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը։ 

«Այդուհանդերձ, կան որոշակի խնդիրներ՝ կապված ոռոգման ջրի հետ, որի հիմնական չափաբաժինը ստացվում է ինքնահոս եղանակով՝ Եղեգիս-Ելփին ջրատարով։ Նախկինում Խաչիկ գյուղի հողատարածքները ոռոգվել են պոմպակայանների միջոցով, եռաստիճան մղումով։ Մի քանի տարի առաջ վերոհիշյալ ջրատարի կառուցումից հետո մեկ աստիճանը վերացավ։ Այդուհանդերձ, այն պահին, երբ Խաչիկ գյուղին տրվում է ոռոգման ջուր, Աղավնաձոր, Ռինդ, Չիվա, Ելփին և Արենի համայնքներում ոռոգման ջրամատակարարումը որոշ չափով պարալիզացվում է, ուստի խնդիրը լուծելու համար իրականացվելու է 1,7 միլիարդ դրամ արժողությամբ նախագիծ, որն ամբողջությամբ Ֆինանսավորելու է Կառավարությունը, քանզի դա համայնքի ուժերից վեր է։ Արդյունքում ջրագիծը կվերանորոգվի, որտեղ կան վթարված հատվածներ։ Առհասարակ ջրագծերը մեզ մոտ ունեն 50-60 տարվա պատմություն, դրանց պատերը մեծ ճնշման ներքո սաստիկ մաշվել են։ Ջրագծերի հիմնանորոգումից հետո մյուս համայնքներում ոռոգման խնդիրը զգալիորեն կլուծվի»,- մանրամասնեց Արենիի համայնքապետը։ 

Խոսելով սահմանամերձ Խաչիկ գյուղի մասին՝ Սահակյանն անդրադարձավ անվտանգության խնդրին և շեշտեց, որ Խաչիկ համայնքը ոչ միայն տեղաբնակների, այլև ամբողջ Հայաստանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն։   

«Խաչիկ գյուղը խոշորացումից հետո իմ առաջարկով ազատված է բոլոր տեսակի հարկերից։ Այնտեղ խմելու ջրի վարձ չկա, արոտավայրերի և խոտհարքների վարձ նույնպես չկա։ Այդ քայլն արել ենք գիտակցաբար՝ գյուղացիներին ինչ-որ բանով աջակից լինելու մղումով, որպեսզի ավելորդ բեռ չունենան։ Խոշորացված համայնքի մյուս բնակավայրերի բնակիչները խաչիկցիների հետ մասնակցել են պաշտպանական գծի հենակետերի ամրակայման աշխատանքներին։ Այժմ անվտանգության առումով իրավիճակն անհամեմատ լավ է։ Բնականաբար, իր զգալի դերակատարությունն այդ հարցում ունի Հայաստանի պաշտպանության նախարարությունը»,- նշեց Սահակյանը։

Խոշորացված համայնքում, անշուշտ, զարգանում են ենթակառուցվածքները, արդեն կան վեց գործող մանկապարտեզներ։ Մեկ ամսից կավարտվի Ելփին գյուղի մանկապարտեզի շինարարությունը։ Ծրագրի արժեքը 354 միլիոն դրամ է, որից 70 միլիոնը հատկացրել է համայնքապետարանը, իսկ մնացած մասը սուբսիդավորվել է Կառավարության կողմից։ Այս պահին ընթացքի մեջ են նաև Ռինդ գյուղի մանկապարտեզի շինաշխատանքները, նորերը կառուցվում են Արենիում և Արփիում։ 

«Ուրախալի է արձանագրել, որ ունենք երեխաների թվի աճ։ Որոշ դպրոցներում ավելացել է առաջին դասարանների քանակը։ Կառուցապատման աշխատանքներից հետո կունենանք ութ մանկապարտեզ, որոնց կենսագործունեության ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնում են համայնքները, թեև դիմել ենք կառավարությանը՝ այդ հարցում սուբվենցիա տրամադրելու խնդրանքով։ Մեկ մանկապարտեզ աշխատեցնելու համար պահանջվում է տարեկան մոտ 200 միլիոն դրամ, մինչդեռ համայնքի բյուջեն 600 միլիոն դրամ է, հետևաբար լուրջ խնդիրներ ենք ունենում հետագա ծրագրերն իրականացնելու առումով։ Լավ կլինի, որ դոտացիաները հաշվարկելիս՝ ինչ-որ գործակից էլ տրվի մանկապարտեզներին»,- նշեց մեր զրուցակիցը։  

Սահակյանի տեղեկացմամբ՝ այս պահին ընթացքի մեջ են Չիվա և Ելփին գյուղերի խմելու ջրագծերի հիմնանորոգման աշխատանքները։ Կառուցվում են երեք ջրավազաններ։ Ամբողջությամբ փոխվում են ներքին ու արտաքին ցանցերը։ Այդ ամենից հետո նշված համայնքները խմելու ջրի հետ կապված խնդիրներ չեն ունենա։ Մնացած յոթ համայնքներում նման բնույթի խնդիրներն արդեն իսկ լուծվել են։  

Լայն թափով ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Այս պահին իրականացվում է դեպի Արենի գյուղի մանկապարտեզ տանող ճանապարհի սալիկապատումը։ Արփի, Ռինդ, Աղավնաձոր բնակավայրերում անցյալ տարի ասֆալտապատվել ու բարեկարգվել են համայնքային նշանակության ճանապարհները։ 

Համայնքապետն ուրախությամբ նշեց, որ հատկապես վերջին տարիներին, բացառությամբ առանձին մեկ-երկու դեպքերի, Արենիից արտագաղթ չի եղել։  

«Աշխատուժի առումով մենք գրեթե խնդիրներ չունենք։ Եղանակային պայմանները թույլ են տալիս մարտից մինչև նոյեմբեր զբաղվել հողագործությամբ։ Իրավիճակը մի փոքր այլ է Աղավնաձորում, Ռինդում, Ելփինում։ Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ՝ զգացվում է նաև մասնագետ գյուղատնտեսների ու գինեգործների, ինչպես նաև հյուրատնային բիզնեսի կազմակերպիչների պակաս։  Մտածում ենք նման կադրեր պատրաստելու մասին։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ երիտասարդներին հորդորում եմ մայրաքաղաքում կրթություն ստանալուց հետո վերադառնալ և տեղում նպաստել հայրենի համայնքի հզորացմանը՝ այդ կերպ լուծելով նաև զբաղվածության հարցը»,- եզրափակեց Արենի համայնքի ղեկավարը։   

Հայերեն