Տնտեսություն

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

4 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի  1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը, ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար և բարձրացնել հարկային կարգապահությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

Միաժամանակ, ներկայացվում են հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․

21 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 692 մլն դրամի, ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 43․1 մլն դրամ։

18 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 21 մլն դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 189 մլն դրամ:

13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 64․4 մլն դրամ։

Ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 33 հարկ վճարող ներկայացրել է ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ: Ճշգրտված հարկային հաշվարկներով իրացման շրջանառությունը բարձրացվել է 2097 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 3484 մլն դրամ հարկի գումար:

Հարկային իրավախախտման, կանխման շրջանակում ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում՝ գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում, 566 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր: Արդյունքում ներկայացված ճշտված հայտարարագրերով ինվոյսային արժեքը բարձրացվել է 6715 մլն դրամով և հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 1343 մլն դրամ հարկի գումար:

Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ  կատարված աշխատանքների արդյունքում 7 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում  6 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 563․6 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա  1036 մլն դրամ շահութահարկի գումար, իսկ 1 դեպքով ծախսերը նվազեցվել է 536 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 96 մլն դրամ շահութահարկի գումար:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում