Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»՝ լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
«Ընկերությունից հավաստիացրեցին, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Պատճառը տեղական արտադրողներին աջակցելու Կառավարության քաղաքականությունն է։ Մթերման գինը սահմանվել է 40-80 դրամ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ օգոստոսի 18-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։ Նա նշել էր նաև, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու։ Նախարարի խոսքով՝ մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը։