Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մաիրզի Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել հայ-ճապոնական բարեկամությանը, մշակութային համագործակցությանը և երաժշտաարվեստին նվիրված ինքնատիպ միջոցառում, որը մի հարկի տակ է համախմբել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներին և փոխդեսպան Յոկո Անազավային, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանին և աշխատակիցներին, Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանին, համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին, երաժշտասերներին, հրավիրյալներին:
Հրավիրյալների թվում է եղել նաև ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային, ով ոչ միայն սիրով ընդունել էր հրավերը, այլ նաև հանդիսատեսին է ներկայացրել համաշխարհային դասական երաժշտության նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Դաշնակահար Սակուրա Նիշիոկայի կատարումներին նախորդել են Սևանի երաժշտական դպրոցի սաների և դասատուների մասնակցությամբ երաժշտական կատարումները՝ տարբեր գործիքների նվագակցությամբ:
«Մշակութային երկխոսությունը ոչ միայն կայացավ, այլ նաև եկավ ապացուցելու, որ երաժշտության լեզուն չի ճանաչում սահմաններ, որ այն հասկանալի է բոլորին ու կարող է բարեկամության նոր կամուրջներ հյուսել:
Երաժշտական դպրոցի դահլիճի պատերի ներսում միահյուսվեցին տարբեր մշակույթներ կրող երաժիշտների կատարումները, որի շնորհիվ համերգը դարձավ երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդման, միմյանց բացահայտելու լավագույն հնարավորություն՝ նոր հանդիպումների ակնկալիքով և համագործակցության հեռանկարներով:
Երաժշտական տոնը կայացավ՝ հայ-ճապոնական շեշտադրումներով՝ հիանալի պահեր պարգևելով Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվածներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: