Գյումրիում բացվել է սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման հայ-չինական կենտրոն
4 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում մայիսի 22-ին տեղի ունեցավ հայ-չինական համագործակցության շրջանակում կառուցված սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ցանցը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Չինաստանի երկրաշարժերի վարչության Երկրաֆիզիկայի ինստիտուտի համագործակցությամբ՝ երկրաշարժագիտության, մշտադիտարկման, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման ոլորտներում համատեղ աշխատանքների ընդլայնման նպատակով։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի հնարավորությունները։
Ցանցը շահագործման է հանձնվել 2024 թվականի դեկտեմբերին, այդ օրվանից ի վեր գրանցվել է հարյուրից ավելի երկրաշարժ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
«ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Չինաստանի երկրաշարժերի վարչության Երկրաֆիզիկայի ինստիտուտի միջև համագործակցությունը սկսվել է 2018 թվականին, երբ հրավեր ստացանք մասնակցելու Չինաստանում կազմակերպված վերապատրաստման աշխատանքներին՝ նվիրված սեյսմաբանական նյութերի մշակման և մեկնաբանման գործընթացներին։ Դրանից հետո ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ Հայաստանի տարածքում կառուցելու սեյսմաերկրադինամիկական ցանց և տվյալների հավաքագրման կենտրոն։ Մեկ տարի անց Չինաստանի կողմից Հայաստանում իրականացվեցին լայնամասշտաբ ուսումնասիրություններ՝ նպատակ ունենալով հայտնաբերել այն տարածքները, որոնք լավագույնս համապատասխանում են սեյսմաբանական կենտրոնների կառուցման համար»,-լրագրողների հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը՝ հավելելով, որ չին մասնագետները հիմնավորել են ութ տարածք Հայաստանում, որտեղ հնարավոր է կառուցել սեյսմաերկրադինամիկական կայաններ։
Դրան զուգահեռ պատրաստվել է նաև կայանների նախագիծը։ Համագործակցության հուշագրի շրջանակում կայանների շինարարությունը մեկնարկել է 2024 թվականին։
«Նմանատիպ համալիր կայանները տարածաշրջանում միակն են։ Կայանները համալրված են ժամանակակից, բարձր ճշգրտությամբ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մինչև 15 հազար կիլոմետր հեռավորության վրա ֆիքսել երկրաշարժեր։ Առաջին անգամ կիրառվում է նաև վաղ ազդարարման համակարգ, որը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում տեղեկատվություն ստանալ երկրաշարժի մասին»,-նշեց Ջոն Կարապետյանը՝ կարևորելով ցանցի գործունեությունը՝ որպես երկու երկրների համագործակցության ամրապնդման հարթակ՝ ռազմավարական և անվտանգային նշանակության խնդիրների լուծման նպատակով։
Ցանցից բացի, ստեղծվել է նաև երկրաշարժերի մոդելավորման և մշտադիտարկման համատեղ լաբորատորիա։
Լրագրողների հետ հանդիպմանը Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյը ևս կարևորեց այս համագործակցությունը՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրք կունենա նմանատիպ տեխնոլոգիաներով։
Մայիսի 23-ին չինական պատվիրակությունը կհյուրընկալվի ՀՀ ԳԱԱ-ում, որտեղ կստորագրվի գիտատեխնիկական համագործակցության մասին հուշագիր՝ ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի երկրաշարժերի վարչության միջև։ Համագործակցության շրջանակում կիրականացվեն սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցմանն ուղղված ծրագրեր։ Նախատեսվում է նաև արտագնա նիստ՝ Բյուրականի նորակառույց սեյսմաերկրադինամիկական կայանում, որտեղ կներկայացվեն տեղադրված բարձր ճշգրտության սարքավորումների հնարավորությունները։