Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
3 րոպեի ընթերցում

Տարբեր երկրների առաջատար գիտական կենտրոնների, այդ թվում՝ Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (նախկինում՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի համագործակցությամբ իրականացված ծրագրի մասնակիցները բացառիկ ճշգրտությամբ չափել են տարածաժամանակային քարշի երևույթը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Nature հեղինակավոր գիտական ամսագրում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն։
«LARES-2 արբանյակը չափում է Երկրի շուրջ տարածաժամանակային քարշի երևույթը» («LARES-2 satellite measures frame-dragging effect around the Earth») հոդվածի համահեղինակներից է Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը։
Հոդվածում ներկայացված են LARES-2, ինչպես նաև LAGEOS և GRACE արբանյակների տվյալների վերլուծության արդյունքները, որոնց հիման վրա գիտնականներին հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի (frame-dragging) երևույթը։ Այն կանխատեսվել է Ալբերտ Էյնշտեյնի հեղինակած հարաբերականության ընդհանուր տեսությամբ․ երևույթը նկարագրում է, թե ինչպես է զանգված ունեցող մարմինը, տվյալ դեպքում՝ Երկիր մոլորակը, պտտվելիս ազդում իր շուրջը գտնվող տարածաժամանակային «ցանցի» կառուցվածքի վրա։
Հետազոտության արդյունքները հաստատում են հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումները Երկրի մերձակայքում՝ նախորդ չափումների համեմատ ապահովելով մոտ 10 անգամ ավելի մեծ ճշգրտություն։
Այս հետազոտությունը, բացի հիմնարար ֆիզիկայի ոլորտում ունեցած նշանակությունից, կարևոր կիրառական նշանակություն ունի նաև Երկրի գրավիտացիոն դաշտի և մակընթացային երևույթների առավել ճշգրիտ ուսումնասիրման համար։ Այն արժանացել է միջազգային գիտական և գիտահանրամատչելի մամուլի լայն ուշադրությանը։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը ներգրավված է Իտալական տիեզերական գործակալության (ASI), Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և մի շարք առաջատար գիտական կենտրոնների համագործակցությամբ իրականացվող LARES արբանյակային ծրագրում, որի շրջանակում 2022 թվականին տիեզերք էր արձակվել LARES-2 արբանյակը։