2 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված է 19 դպրոցի և կրթահամալիրի կառուցում և հիմնանորոգում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված է 10 կրթահամալիր՝ Մադինա, Մաքենիս, Շատվան, Կախակն, Արեգունի, Փոքր Մասրիկ, Արփունք, Թթուջուր, Մարտունի, Դպրաբակ բնակավայրերում, որոնցից Փոքր Մասրիկ, Կախակն և Մադինա բնակավայրերում ներկայումս ընթանում են նոր կրթահամալիրների կառուցման աշխատանքները: Վերոնշյալ որոշման ցանկում ընդգրկված է նաև նոր կառուցվող 6 դպրոց՝ Գավառի թիվ 5 հիմնական, Գավառի թիվ 7 միջնակարգ, Սևանի թիվ 3 հիմնական, Ծովինարի միջնակարգ, Լիճքի հիմնական և Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցները: Գեղարքունիքի մարզպետի կողմից առաջարկվել և վերոնշյալ որոշման ցանկի մեջ են ընդգրկվել նաև Գավառի N 1 հիմնական և Վաղաշենի միջնակարգ դպրոցները։ Նոր դպրոցական շենքի կառուցման ծրագրում ընդգրկված է նաև Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
Դպրոցական նոր շենքերի կառուցումը 2024 թվականին շարունակվել են Ներքին Գետաշենի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2, Ջիլի, Շատջրեքի միջնակարգ, Լեռնակերտի և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներում, որոնց մեկնարկը տրվել է 2021-2022 թվականներից։ Ավարտին է մոտենում 3 դպրոցի մարզադահլիճների կառուցման և ամբողջական գույքով համալրման գործընթացը՝ Ակունքի, Վերին Գետաշենի թիվ 2 և Գագարինի միջնակարգ դպրոցներում: