Մարզեր

Գավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակը

3 րոպեի ընթերցում

Գավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք  Բուռնազյանի հուշատախտակը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բժշկական կենտրոնում տեղադրվեց ականավոր բժիշկ, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Ավետիք Իգնատի Բուռնազյանին նվիրված  հուշատախտակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշատախտակի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարի՝ միջուկային բժշկության գծով խորհրդատու Արմինե Բադեյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրեններ, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։ 

Նախաձեռնությունը կյանքի էր կոչվել Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի և Գավառի բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով։

Բացման արարողությունն ուղեկցվեց Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի օրհնության խոսքով, իսկ  հուշատախտակի բացումը կատարեցին Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանն ու Ավետիք Բուռնազյանի ազգակից Վարդան Բուռնազյանը։

Գավառի ԲԿ դահլիճում հրավիրված ցերեկույթի մասնակիցները դիտեցին Ավետիք Բուռնազյանի կյանքի ու գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել էր «Քյավառ» հեռուստաընկերության կողմից։

Ավետիք Բուռնազյանի թողած գիտական ժառանգության, մարդկային մեծագույն արժանիքների մասին խոսեցին տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ԱԷԿ-ի նախկին աշխատակից Վարդան Բուռնազյանը, ՀՀ Ան «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» տնօրեն Արմինե Բադեյանը, Գավառի Բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։

Բանախոսները շեշտեցին, որ համաշխարհային գիտության մեջ մեծ անուն ու դերակատարում ունեցող Ավետիք Բուռնազյանի անունը վեհորեն է հնչում ոչ միայն իր ծննդավայր Գավառ քաղաքում, այլ յուրաքանչյուր հայ մարդու սրտում ու հոգում, իսկ նրա թողած գիտական ժառանգությունն այսօր ծառայում է մոլորակի մարդկության բարօրությանը։    

Գեղարվեստական կատարումներով միջոցառումը զարդարեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ Լիլիա Հովհաննիսյանը և Գրիգոր Բալագոզյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում