ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստանում վարպետության դաս անցկացրեցին անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացները
2 րոպեի ընթերցում

Պարալիմպիկ խաղերի բազմակի մեդալակիր Ռոուզ Հոլլերմանն ու Խաղերի եռակի ոսկե մեդալակիր Սթիվ Սերիոնը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերի բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագրի շրջանակներում վարպետության դաս անցկացրին հայ երիտասարդների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագիրն իրագործվեց Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի, Երևանի քաղաքապետարանի, «Այբ» դպրոցի և այլ կառույցների համագործակցությամբ:

ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին նվիրված այս նախաձեռնության ընթացքում Պարալիմպիկ խաղերի բազմակի մեդալակիր Ռոուզ Հոլլերմանն ու Խաղերի եռակի ոսկե մեդալակիր Սթիվ Սերիոնը վարպետության դաս անցկացրին հայ մարզիկների հետ, ինչպես նաև ցուցադրական խաղով մրցեցին իրար հետ:
««Սպորտային բանագնացների» ծրագրի նպատակը կապեր ձևավորելու մեջ է, այդ կերպ ուզում ենք բարձրացնել իրազեկվածութունը սպորտային հասանելության հարցերի շուրջ: Հաճախ մարդիկ կարծում են, որ հաշմանդամություն ունենալը կյանքի ավարտն է, սակայն պետք է միայն կյանքն այլ կերպ կառուցել, և մենք մեր ջանքերն ենք ներդնում, որ աշխարհն ավելի հասանելի լինի բոլորիս համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պարալիմպիկ խաղերի բազմակի մեդալակիր Ռոուզ Հոլլերմանը:

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանի խոսքով` քաղաքապետարանը շարունակաբար իր ուշադրության կենտրոնում է պահում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները:

«Մեր նպատակն է, որ առավել մեծացնենք նմանատիպ մրցաշարերի ծավալները: Երևանի քաղաքապետարանն առաջին անգամը չէ, որ մաս է կազմում նմանատիպ մրցաշարերի կազմակերպմանը»,-ասաց Մակվեցյանը:
Նմանատիպ նախաձեռնություն եղել է նաև Գյումրի քաղաքում: