Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի ավարտական նիստին քննարկվել են համայնքային հարցեր
2 րոպեի ընթերցում

Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի վերջին՝ 5-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի սկզբում Սարգիս Մուրադյանը ներկայացրել է համայնքում ընթացող ծրագրերը և իրականացվող աշխատանքները:
Սևան համայնքի ավագանին սահմանված կարգով հաստատել է ներկայացված օրակարգային հարցերը:
Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված հարցերը զեկուցել են աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Մեսրոպ Մկրտչյանը, Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Մարիանա Ռաֆայելյանը և աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը:
Օրակարգային հարցերին հաջորդել են քննարկմանը դրված դիմումների ներկայացումը տարբեր կազմակերպությունների, կառույցների և անհատների կողմից:
Դիմումները ստացել են սպառիչ պատասխաններ՝ համապատասխան որոշումների ընդունմամբ:
Նիստի ամփոփումից առաջ համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձել է համայնքում աղբահանության գործընթացի, մասնավորապես՝ վարձավճարների գանձմանը:
«Ժամանակին վճարելով աղբահանության ծառայությունների դիմաց գանձվող գումարը, որը Սևան քաղաքում մեկ բնակչի հաշվով 200 դրամ է, Գագարին բնակավայրում՝ 100 դրամ, գյուղական մյուս բնակավայրերում՝ 50 դրամ, մենք կարող ենք նպաստել մաքուր և ներկայանալի միջավայր ունենալուն, ոլորտային օպերատորի աշխատանքների բնականոնության ապահովմանը, ինչպես նաև համայնքում այլ ծրագրերի իրականացմանը: Արձանագրում ենք, որ աղբահանության վարձավճարները չեն մուծվում ժամանակին, բնակավայրերում առկա է հավաքագրման լուրջ խնդիր: Եվս մեկ անգամ պետք է դիմենք բնակիչներին՝ հորդորելով չշրջանցել այս կարևոր հարցը:
Ակնկալում եմ նաև համագործակցված աշխատանք, որի շնորհիվ միայն հնարավոր կլինի ունենալ տեսանելի արդյունք»,-նշել է համայնքի ղեկավարը:
Համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստը կկայանա 2026 թվականի սեպտեմբերին։