Մարզեր

Սևան համայնքում իրականացվում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի 2-րդ բաղադրիչը

4 րոպեի ընթերցում

Սևան համայնքում իրականացվում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի 2-րդ բաղադրիչը

ԳԱՎԱՌ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Թափոնների կառավարումը Հայաստանում» թեմայով համաժողով, որին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համաժողովն անցկացվել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագրի շրջանակներում:

Ֆորումի նպատակն էր հաղորդել անհրաժեշտ տեղեկատվություն թափոնների կառավարման ոլորտի բոլոր շահախնդիր կողմերին և դերակատարներին ոլորտում իրականացվող գործընթացների մասին և համակարգել ջանքերը, նույնականացնել բացերը և առաջնահերթությունները` ոլորտի զարգացման նպատակով, նույնականացնել թափոնների կառավարման ազգային թիրախները, որոնք կօժանդակեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (կոշտ կենցաղային թափոնների մասով) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը (վտանգավոր և արտադրական թափոնների մասով) հաջորդ գործողությունների ծրագրի մշակման գործում:

2022 թվականից Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունները համատեղ իրականացնում են «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության  կողմից։ Ծրագիրն ունի 3 բաղադրիչ, որի 2-րդ բաղադրիչն իրականացվում է Սևան համայնքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել աղբի տեսակավորված հավաքման միջոցառումներ, ձեռք բերել համապատասխան գույք ու մեքենամեխանիզացիա, աջակցել վերամշակման ենթակա թափոնների մշակմանը:

Սևան համայնքի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև 2022 թվականին կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Ֆորումի ընթացքում թափոնների կառավարման փորձագետ, ծրագրի ղեկավար, դասախոս Հարություն Ալպետյանը ներկայացրել է «Քաղաքականություններ, ենթակառուցվածքներ և իրազեկման նախաձեռնություններ» խորագրով շնորհանդեսային նյութը՝ անդրադառնալով անցած տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, քաղաքաշինության մասնագետ Նորա Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կոշտ թափոնների կառավարման ոլորտի գնահատման և բարեփոխումների պլանը:

Թափոնների և շրջանաձև տնտեսության փորձագետ, «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի միջազգային փորձագետ Ջոն Գլեյզբրուկն անդրադարձել է Արևմտյան Բալկաններում թափոնների կառավարման բարեփոխումների գործնական փորձին:

Ֆորումի երկրորդ հատվածը պանելային քննարկումների շարքն է եղել, որի ընթացքում փորձագետների, մասնագետների և ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից ներկայացվել են ոլորտային խնդիրները՝ օրենսդրությունից մինչև իրազեկում, առկա մարտահրավերներից մինչև բարեփոխումներ, կառավարման ոլորտի գրագիտությունից մինչև երիտասարդների ներգրավում, արտադրողի ընդլայնված պատասխանատվությունից մինչև Հայաստանի վերամշակողների միության հեռանկարների ներկայացում:

«Սևան համայնքի ներկայացուցիչները մասնակցել են «Թափոնների կառավարման ոլորտի գրագիտությունը և երիտասարդության ներգրավումը» պանելային քննարկմանը՝ ներկայացնելով համայնքում իրականացվող ծրագիրը, ծրագրի շրջանակներում կատարված գործողություններն ու միջոցառումները, համայնքի բնակիչների ներգարվմանն ուղղված քայլերը և քաղհասարակության հետ աշխատանքների կազմակերպումը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում