Վրաստանում առաջացել է սահմանադրական կազուս. քաղաքագետը չի բացառում կողմերի միջև փոխզիջումային հանգուցալուծումը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում հետընտրական իրավիճակը չի կարող հանդարտվել, քանզի ընդդիմությունը հիմնավոր կերպով համոզված է, որ երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարված արդյունքները չեն արտահայտում իրական պատկերը։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող հետընտրական զարգացումներին։ 

«Exit-poll-երը, բոլոր հիմնական հարցումները, որոնք անցկացրել են հեղինակավոր սոցիոլոգիական ընկերությունները, ցույց են տալիս, որ առկա է արդյունքների բավականին լուրջ խեղում։ Օրինակ՝ ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակավայրերում պարզապես ոչ բնական արդյունքներ են գրանցվել, որոնք բացատրելի չեն։ Բնական է, որ վրացական ընդդիմությունը ներկայացնող չորս քաղաքական արևմտամետ ուժերը չեն համակերպվում արդյունքների հետ, չեն մասնակցում խորհրդարանի նիստերին։ «Վրացական երազանքն» իր հերթին նախապես կանխատեսել էր, որ ստանալու էր խորհրդարանական մանդատների երկու երրորդը, բայց հիմա 150 տեղերից նրան բաժի է հասել 89-ը, ինչը երկու երրորդից քիչ է, հետևաբար կարևոր որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ քվորումը բացակայում է։ Բողոքի ակցիաները տեսանելի են, և իրավիճակը շատ նման է նրան, ինչ ստեղծվել էր Հայաստանում 2008 թվականից ի վեր»,- նշեց Հովհաննիսյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Վրաստանում, ըստ էության, առաջացել է սահմանադրական կազուս, ուստի դժվար է ասել, թե ինչպես պետք է իրավիճակը հանգուցալուծվի։ Ըստ նրա՝ ամենակատարյալ սահմանադրություններն անգամ կարող են հանդիպել սահմանադրական կազուսների, ուստի հարևան երկրում կամ պետք է բարձրագույն դատական ատյանը կայացնի համապատասխան որոշում, կամ էլ կողմերի միջև պետք է լինի փոխզիջում։ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Վրաստանի ընդդիմության գործունեության նպատակն այն է, որ առնվազն Իվանիշվիլին հրաժարվի, ըստ իրենց գնահատականի, ռուսամետ և հակաարևմտյան կուրսից։

«ԵՄ-ի ու ԱՄՆ-ի օգնությամբ հնարավոր եղավ մեղմել իրավիճակը հետընտրական Վրաստանում, կողմերը զերծ մնացին արյունալի բախումներից։ Այստեղ շատ կարևոր է նաև նախագահ Զուրաբիշվիլիի պահվածքը, ով գործընթացները տարավ ավելի խաղաղ և կառուցողական ճանապարհով։ Ամենակարևորն այն է, որ ծայրահեղական նպատակներ չեն հռչակվում։ Հանրահավաքների ժամանակ մարդիկ հետևում են իրենց խոսքին և բովանդակությանը։ Վրացական կողմը վերցրեց դադար, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-ում կայացած ընտրություններով։ Դրանք ավարտվեցին և գործողությունները Վրաստանում վերսկսվեցին։ Կարևոր է, թե Միացյալ Նահանգների նոր վարչակազմը, որն իր պարտականություններին կանցնի հունվարից, ինչպես կարձագանքի այդ ամենին։ Իսկ ԵՄ-ի անվերապահ աջակցությունը Վրաստանի ընդդիմությանն ակնհայտ է»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով նաև այն հարցին, թե հարևան երկրում տեղի ունեցող զարգացումներն ինչպիսի ազդեցություն կունենան Հայաստանի վրա, քաղաքագետն ընդգծեց, որ խնդիրը պետք է դիտարկել երկու հարթություններում՝ հայ- վրացական հարաբերություններ և համագործակցություն արտաքին աշխարհի հետ Վրաստանի միջոցով։ 

«Հայ-վրացական հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, բարելավվում են, կողմերի միջև կնքվել է ռազմավարական համագործակցության պայմանագիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հարաբերությունները Վրաստանի լիդերների հետ նույնպես բարձր մակարդակի վրա են։ Սա մի կողմն է, բայց Վրաստանը մեզ համար կարևոր է նաև այն առումով, որ լոգիստիկ ճանապարհ է հարթում դեպի եվրոպական շուկաներ։ Մենք չունենք ելք դեպի ծով, ուստի Եվրամիությունն անընդհատ շեշտում է (և այդ մասին արձանագրված է նաև ՍԵՊԱ-ի պայմանագրում), որ Վրաստանի ծովային ուղիները կարող են որոշակի պայմաններով ծառայել նաև Հայաստանին։ Ցավալին այն է, որ եթե Վրաստանը Եվրոպայի հետ մտնի հակամարտության շրջան, ինչը շատ հավանական է, ապա դա խիստ մտահոգիչ է նաև մեզ համար։ Եթե նույնիսկ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի վարչակազմը Վրաստանի հետ ունենա լավ հարաբերություններ, միևնույն է, ԵՄ-ն որևէ պարտավորություն չունի Միացյալ Նահանգների առջև, ուստի Վրաստանի նկատմամբ վարելու է իր քաղաքականությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա բնորոշմամբ՝ Վրաստանի պարագայում արևմտյան գծի խզումը շատ վատ կանդրադառնա Հայաստանի վրա, որովհետև հարևան երկրի միջոցով եվրոպական պետությունների հետ կապող հաղորդակցական ուղիները մեզ համար նույնպես ունեն կենսական նշանակություն՝ ինչպես Մեղրիով դեպի Իրան գնացող ճանապարհը։ 

Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարան է անցել հինգ քաղաքական ուժ։ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,93 տոկոսը, մասնավորապես՝ խորհրդարանի 150 մանդատներից 89-ը, և դրանով պահպանել իշխանությունը։ 

«Փոփոխությունների կոալիցիան» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա») ստացել է 18 մանդատ, «Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 17 մանդատ, «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») - 14, և «Վրաստանի համար»՝ 12 մանդատ։

Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվում են ճանաչել «Վրացական երազանք»-ի հաղթանակը՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել տոտալ ընտրակեղծիք։ Ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են։ 

 

Հայերեն