Քաղաքականություն

Երևանում ԵՄ գագաթնաժողովների անցկացումը ցույց է տալիս՝ Հայաստանը վստահելի և անվտանգ գործընկեր է. Գայանե Աբրահամյան

6 րոպեի ընթերցում

Երևանում ԵՄ գագաթնաժողովների անցկացումը ցույց է տալիս՝ Հայաստանը վստահելի և անվտանգ գործընկեր է. Գայանե Աբրահամյան

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և դրան հաջորդող Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի միջազգային դիրքի ամրապնդման, անվտանգային միջավայրի բարելավման և ԵՄ հետ համագործակցության խորացման տեսանկյունից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ 

Նրա գնահատմամբ՝ գագաթնաժողովի նշանակությունը Հայաստանի համար պայմանավորված չէ միայն առաջիկա միջոցառմամբ, այլ ունի շարունակական բնույթ՝ սկսած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովից։

«Առաջին իսկ գագաթնաժողովից սկսած՝ 2022 թվականին, երբ ընդունվեցին Պրահայի համաձայնությունները և որոշվեց Հայաստանում տեղակայել եվրոպական դիտորդական առաքելությունը, այս ձևաչափը մշտապես կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը և աջակցությունը՝ հատկապես անվտանգային ուղղությամբ»,– նշել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը, որը ներառում է ինչպես Եվրամիության անդամ, այնպես էլ գործընկեր երկրներ, տարբեր փուլերում նպաստել է Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ գործնական որոշումների ընդունմամբ։ Այս համատեքստում Երևանում կայանալիք գագաթնաժողովը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ անցկացվում է հենց Հայաստանում։

Աբրահամյանը ընդգծել է, որ միջոցառման անցկացումը Երևանում նաև քաղաքական և անվտանգային կարևոր ուղերձ է։

«Անգամ հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունները, այդ թվում՝ Իրանի շուրջ պատերազմական իրավիճակը, այնուամենայնիվ, գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ցույց է տալիս, որ Եվրոպական միությունը Հայաստանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր և անվտանգ պետություն»,-ասել է նա։

Նրա դիտարկմամբ՝ այս իրադարձությունը նաև միջազգային հանրությանը և բիզնես շրջանակներին ուղղված անուղղակի ազդակ է։

«Երբ Հայաստանում անցկացվում է Եվրոպական միության կարևոր գագաթնաժողովներից մեկը, դա ինքնին ուղերձ է, որ Հայաստանը գործընկեր երկիր է, որտեղ կարելի է նաև ներդրումներ իրականացնել։ Սա Հայաստանի տեսանելիության բարձրացման և քարտեզի վրա կարևոր դերակատար դառնալու գործընթացի մաս է»,-նշել է Աբրահամյանը։

Փորձագետի կարծիքով՝ գագաթնաժողովը կնպաստի Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը։

Աբրահամյանի գնահատմամբ՝ այդ ազդեցությունն առավել ընդգծվում է նաև այն հանգամանքով, որ գագաթնաժողովին զուգահեռ անցկացվելու է Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ։

«Սա չափազանց բարձր մակարդակի մասնակցություն է, որը բարձրացնում է Հայաստանի դերակատարումը տարածաշրջանում։ Դա նաև քաղաքական ուղերձ է, որ Հայաստանը դիտարկվում է որպես կարևոր հենակետ Եվրոպական միության համար»,-նշել է նա։

Խոսելով Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ ակնկալիքների մասին՝ Աբրահամյանը նշել է, որ կարևոր է Եվրոպական միության հնարավոր ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։

«Չնայած ներկայում հիմնական ձևաչափը երկկողմ բանակցություններն են՝ Եվրոպական միությունը կարող է կարևոր դեր ունենալ՝ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ Եվրոպական միության ներգրավվածությունը կարող է լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստեղծել և նպաստել խաղաղության գործընթացի կայունությանը։

«Միայն ամերիկյան միջնորդությունը բավարար չէ, և այս առումով Եվրոպական միության մասնակցությունը կարող է բարձրացնել անվտանգության մակարդակը և ամրապնդել գործընթացը»,-նշել է Աբրահամյանը։

Անդրադառնալով տնտեսական և ներդրումային հնարավորություններին՝ նա ընդգծել է, որ գագաթնաժողովների օրակարգում առաջնային են էներգետիկայի, տրանսպորտի և թվային կապակցվածության ոլորտները։ «Սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնց շուրջ նախատեսվում են քննարկումներ՝ Հայաստանում խաղաղության, անվտանգության և փոխկապակցվածության զարգացման համատեքստում»,-նշել է նա։

2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար հրավիրվել են շուրջ հինգ տասնյակ երկրների ղեկավարներ։ Գագաթնաժողովից անմիջապես հետո՝ մայիսի 4-5-ին, նախատեսվում է անցկացնել Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Գագաթնաժողովների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության հարցերը, ինչը արտացոլում է վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվ զարգացումը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում