Իրավունք

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

2 րոպեի ընթերցում

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, այդ թվում՝ իրականացված խուզարկությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալու և ստանալու բազմաթիվ դեպքեր, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք ստանալը) և 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ:

Քննիչի հանձնարարությամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ընտրակաշառք ստանալու կասկածանքով վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 40-ից ավելի անձ:

Ձեռնարկվում են քննչական և այլ վարութային գործողություններ ընտրակաշառք ստացած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում