Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին
1 րոպեի ընթերցում

Անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ հունիսի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն և ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկա են եղել նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, ինչպես նաև մրցույթի՝ արտերկրից ժամանած ժյուրիի անդամներ, մասնակիցներ, երաժշտարվեստի ներկայացուցիչներ, արվեստասերներ և դպրոցականներ։
Ներկաներն ընդգծել են Արամ Խաչատրյանի հարուստ ժառանգության վերաիմաստավորման ու նորովի գնահատման անհրաժեշտությունը: