Վրաստանում անցկացված միջազգային փառատոնի շրջանակում Էդվարդ Միլիտոնյանն արժանացել է Սայաթ - Նովայի անվան մրցանակի
3 րոպեի ընթերցում

Վրաստանում օրերս տեղի է ունեցել միջազգային գրական փառատոն, որին հրավիրվել էին գրողներ, թարգմանիչներ և գրականագետներ Հայաստանից, Իտալիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լատվիայից, Ղազախստանից, Թուրքիայից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել Հայաստանի գրողների միությունից, ընդգծելով, որ կազմակերպիչներն, ըստ էության, հաշվի էին առել Վրաստանի և այդ երկրների վերջին տարվա արժանահիշատակ գրական նորույթները և դերակատարությունը գրական կապերի ասպարեզում:
Հայաստանից հրավիրվել էին ՀԳՄ նախագահ, գրող Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծ, հրատարակիչ Անուշ Վարդանյանը:
«Վերջին տարում հրատարակվել է Էդվարդ Միլիտոնյանի «Հայոսը Քարթլոսի մասին» ժողովածուն, որն ընդգրկում է Վրաստանի, նրա գրականության ու մշակույթի վերաբերյալ արձակ ստեղծագործություններ, բանաստեղծություններ, էսսեներ, հուշեր, թարգմանություններ վրաց բանաստեղծներից և հոդվածներ: Գիրքը հրատարակվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում (տնօրեն Անուշ Վարդանյան)»,– ասված է հաղորդագրության մեջ։
Փառատոնի բացումը տեղի է ունեցել Վրաստանի գրողների միությունում, որի ընթացքում ընթերշվել են տարբեր երկրների գրականության ընթերցումներ:
«Հայոսը Քարթլոսի մասին» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Ելույթ են ունեցել Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, բանաստեղծ Բաղաթեր Արաբուլին, ընթերցվել են թարգմանություններ գրքից:
Մաղվալա Գոնաշվիլին Էդվարդ Միլիտոնյանին է հանձնել Վրաստանի գրողների միության Սայաթ - Նովայի անվան մրցանակը՝ հայ-վրացական մշակութային և գրական կապերում ունեցած զգալի ներդրման համար:
Հայ գրական օրվա ընթացքում Բաղաթեր Արաբուլին ընթերցել է Անուշ Վարդանյանի բանաստեղծությունների իր թարգմանությունները:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Փառատոնի օրերին գրողները ընթերցումներով հանդես են եկել տարբեր վայրերում: Հիշարժան էր հատկապես Իլյա Ճավճավաձեի հայրենի Ղվարելի գյուղի տուն-թանգարանի միջոցառումը, որտեղ ելույթ ունեցան նաև Վրաստանի երիտասարդ և ավագ բանաստեղծները:
Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքապետարանի դահլիճում, ներկա էին քաղաքական, հասարակական և մտավորական գործիչներ: Փառատոնի մասնակիցներին հանձնվել են Վրաստանի միջազգային գրական փառատոնի դափնեկրի ոսկե մեդալներ: